ՀՀ մարզերի բնակիչները միացել են բողոքի ակցիաներին և մի շարք ճանապարհներ փակել

«Ես համաձայն չեմ» շարժման անդամները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը
Քաղաքացիները փակել էին հիմնական ճանապարհները։ Ակցիայի բոլոր մասնակիցները պահանջում էին իշխանության հրաժարականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի մի շարք մարզերում գրեթե միաժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել։ Քաղաքացիները փակել են Սևան-Վարդենիս, Արմավիր-Արտաշատ, Գյումրի-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհները:
Ակցիաները 30-40 րոպե են տևել։ Արմավիր-Արտաշատ ճանապարհին բախում է տեղի ունեցել մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին անցկացված բողոքի ակցիայի մասնակիցներն էլ եկել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկարներով (նա այժմ կալանքի տակ է):
Վանաձոր–Ալավերդի ճանապարհ
«Ես համաձայն չեմ» շարժման անդամները ՀՅԴ–ի և ՀՀԿ–ի ներկայացուցիչների հետ տևական ժամանակ փակել էին Գյումրի-Երևան ճանապարհի Լուսակերտի հատվածը: Շարժման անդամ Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ ճանապարհը բացել են` հաշվի առնելով մայրուղու կարևորությունը։
«Ես համաձայն չեմ» շարժման անդամները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը
Մեր տեղեկություններով` գյումրեցի ակտիվիստներից շատերն այս պահին միացել են երևանյան ընկերներին:
Քաղաքացիները փակել են «Զվարթնոց» տանող ճանապարհը. տեսանյութ
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։