ՈւԵՖԱ-ն մերժել է Ռուսաստանի հայտը

Ֆուտբոլային գնդակներ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ռուսական ֆուտբոլային ակումբներին զրկել է 2022/23 մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գործադիր կոմիտեն որոշել է, որ 2028 կամ 2032 թվականին Եվրոպայի առաջնության անցկացման վերաբերյալ Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հայտը չի համապատասխանում պահանջներին։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի կայքում:

«ՌՖՄ-ի հայտը չի համապատասխանում ՈւԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման մրցութային հայտերի կանոնակարգի 16.02-րդ հոդվածի պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:

ՈւԵՖԱ-ն նաեւ հայտնել է, որ որոշել է ռուսական ֆուտբոլային ակումբներին թույլ չտալ մասնակցել 2022/23 մրցաշրջանի եվրագավաթներին, իսկ Ռուսաստանի հավաքականին՝ հանդես գալ Ազգերի լիգայում: Միությունը Ռուսաստանի երիտասարդական հավաքականին հեռացրել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունից, կանանց հավաքականը չի մասնակցի Եվրո-2022-ի եզրափակիչ և 2023-ի աշխարհի առաջնության որակավորման փուլերին:
Հիշեցնենք` փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 68-րդ օրը։