ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Օդեսայի շրջանի ռազմական օդանավակայանում ռուսական «Օնիքս» բարձր ճշգրտության հրթիռների հարվածով ոչնչացվել է ԱՄՆ-ից ու Եվրոպայից Ուկրաինային մատակարարված զինամթերքի պահեստը, ավերվել է թռիչքուղին: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնային օդատիեզերական ուժերի օպերատիվ-տակտիկական ավիացիան անցած գիշեր ոչնչացրել է ուկրաինական Ս-300 երկու ՀՕՊ համալիր, ինչպես նաև այլ ռազմական տեխնիկա ու զինամթերքի պահեստներ:
Բացի այդ, ռուսական ավիացիան խոցել է զինամթերքի ու վառելիքի երկու պահեստ Զապորոժիեի մարզի Պրիվոլնոյե ու Շևչենկո բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև՝ կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման տասնհինգ հենակետեր ու շրջաններ: Այդ հարվածների հետևանքով ոչնչացվել է առավելագույնը 140 մարդ և ուկրաինական զորքերի 19 միավոր զրահատեխնիկա:
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են Սու-24Մ երկու ռմբակոծիչ և «Տոչկա-Ու»-ի երկու հրթիռ:
«Գիշերվա ընթացքում ոչնչացվել են նաև ուկրաինական անօդաչու 12 թռչող սարքեր՝ Մեժևայա, Նովոբոգդանովկա, Միրոգրադ, Շիրոկայա Բալկա, Պրիյուտնոյե, Տորսկոյե, Ստարոմիխայլովսկայա, Բալակլեա ու Խարիզսկ բնակավայրերի շրջաններում»,- ասել է գեներալը:
Նա ավելացրել է, որ Զապորոժիեի մարզի Տոկմակ բնակավայրի մոտ խոցվել են ուկրաինական երկու «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներ: Խարկովի մարզի Սեմյոնովկա բնակավայրում ոչնչացվել է նաև «Սմերչ» համազարկային կրակի համակարգի երկու ռեակտիվ արկ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 67-րդ օրը։