ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը, վստահ է, որ հայ ազգը թուրքին տալու հայրենիք չունի։
Նա ապրիլի 25-ից քայլել է 175 կմ՝ այլ պատգամավորների և կողմնակիցների հետ Իջևանից երթով հասնելով Երևան։
«Կոլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու մանդատ մենք չենք տվել։ Ասում ենք «ո՛չ» թուրքին, ադրբեջանցուն և թուրքահպատակ Հայաստանի դե ֆակտո իշխանություններին։ Մենք ասում ենք «այո՛» հավերժական Հայաստանին։ Չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։
Աննա Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը Տիգրանաշենից է երթով հասել Երևան, շեշտեց` քայլել են ավելի քան 80 կմ։
«Մենք Տիգրանաշենից ենք եկել, մի վայրից, որն այս ազգադավ իշխանությունը համարում է ոչ հայկական։ Տիգրանաշենը հայկական է, Տավուշի բոլոր գյուղերը հայկական են, Արցախը հայկական է և լինելու է հայկական։ Մենք սկսել ենք երթը 35 հոգով ու ավարտել ենք այն ավելի քան 3000 հոգով։ Մեր միասնականությունը հնարավոր չէ կասեցնել»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այսօր հավաքվել են տարբեր բնավորություններով, սովորություններով ու քաղաքական հայացքներով անձինք, սակայն նրանք միավորվել են մեկ գաղափարի շուրջ` ջնջելով բոլոր բաժանարար գծերը` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի յուրաքանչյուր սանտիմետր սրբազան է, ու հայ ժողովրդի արժանապատվությունն անսակարկելի է։
Ելույթներից հետո բոլոր հավաքվածները սկսեցին վանկարկել` «Միացում, պայքար, հաղթանակ», «Արցա՛խ, ոտքի՛», «Հայաստա՛ն, ոտքի՛», «Հա՛յ ազգ, ոտքի՛»։
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները Ֆրանսիական հրապարակում (1 մայիսի 2022), Երևան
© Sputnik / Asatur Yesayants
Հանրահավաքի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Հիշեցնենք՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 17-ից։
«Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից նաև երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել էր ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ էր մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկել էր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։