ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը։ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ճեպազրույցում այս մասին ասաց Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել մարտահրավերները։ Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության անվերապահ աջակցությանը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին»,- նշեց նա։
Դարչիաշվիլիի խոսքով` Միրզոյանի հետ զրույցում քննարկվել է նաև տարածաշրջանի տարանցիկ ներուժը, որը վճռորոշ է ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի համար։ Նա նշեց` ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին` հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։
Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն առևտրի, զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպման վերջում Դարչիաշվիլին Միրզոյանին Վրաստան հրավիրեց` նշելով, որ դա խթան կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։
Նշենք, որ Դարչիաշվիլին Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան մեկնեց պաշտոնական, իսկ դեկտեմբերին՝ աշխատանքային այցով: 2021թ. հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան աշխատանքային այցով:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով հանդիպումներն ու շփումները կրում են պարբերական բնույթ:
2021թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան մեկնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Իսկ 2022թ. մարտին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնեց Վրաստան: