ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վերջին 1 ամսվա ընթացքում օտարերկրացիները 27 000 հաշիվ են բացել հայաստանյան բանկերում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկից։
«2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել է մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար, որոնց ճնշող մեծամասնությունը ՌԴ ֆիզիկական անձինք են»,– ասված է մեր գրավոր հարցման պատասխանում։
Նշենք, որ խոսքը ինչպես ֆիզիկական (անհատներ), այնպես էլ իրավաբանական անձանց (կազմակերպություններ) կողմից բացված հաշիվների մասին է։
Հիշեցնենք` ուկրաինական իրադարձությունների ու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ (հիմնականում` ՌԴ–ից, Բելառուսից ու Ուկրաինայից) տեղափոխվել են Հայաստան։ Ոմանք մեր երկիր են տեղափոխել նաև իրենց բիզնեսը` ֆինանսատնտեսական սահմանափակումներից խուսափելու ու դրանք ինչ–որ առումով շրջանցելու համար։
Նշենք, որ այս օրերին օտարերկրացիները որոշ դժգոհություններ են արտահայտում հայաստանյան բանկերում հաշիվ բացելու հետ կապված դժվարություններից, երբեմն էլ` մերժումներից։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտի 15-ին հայտնել էր, որ մարտի 2-ից սկսած` Հայաստանի բանկերում շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի էր գրանցվել։
Նրա խոսքով` ինչպես ցանկացած այլ երկրում, այնպես էլ ՀՀ–ում ռեզիդենտների համար հաշիվ բացելը պարզեցված ու արագացված կարգով է իրականացվում, քանի որ բանկի համար հեշտ է ստուգել քաղաքացու եկամուտների օրինականությունը։ Մինչդեռ ոչ ռեզիդենտների դեպքում բանկը ստիպված է իրեն ապահովագրել հնարավոր տարբեր ռիսկերից, երբեմն էլ` այդ նպատակով հարցումներ ուղարկել արտերկիր։