Անվտանգություն ու բարեկամություն․ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները շնորհավորել են միմյանց

Սերգեյ Լավրով, Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա։
Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը: