Եթե պարեկային ծառայության գործունեությունը դիտարկում ենք հանցավորությունը զսպելու տեսանկյունից, ապա արդյունավետություն չկա և չէր էլ կարող լինել, իսկ եթե դիտարկում ենք վարչական իրավախախտումների կանխարգելման տեսակետից` կա, որովհետև ավելի շատ են արձանագրում, ավելի շատ են պատժում, ավելի կոշտ հարկադրանքի միջոց են կիրառում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարեկային ծառայության մասին նման տեսակետ հայտնեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
«Շարքային քաղաքացու տեսանկյունից արդյունավետությունը որոշելու համար պետք է հասկանալ, թե իրավախախտումների կանխարգելման ոլորտում այդ ծառայությունն ինչ ներդրում ունի։ Այս պահին այն հիմնականում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում է, որի հիմնական ներուժն ուղղված է երթևեկության ոլորտի իրավախախտումների կանխարգելմանը։ Իսկ վարչական իրավախախտումների ոլորտում կանխարգելման հետ կապված հարցերն այսօր հանցավորությունը զսպող չափանիշներ են, բայց չի կարելի ասել, որ կրիմինոգեն վիճակի վրա պարեկային ծառայության գործունեությունն ազդել է այնքանով, որ կրճատվել է հանցավորությունը»,– նշեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։
Քոչարյանի դիտարկմամբ` պարեկի ինստիտուտն ի սկզբանե ենթադրում էր ունիվերսալ լիազորություններ ունեցող ծառայողի գաղափար, և ճանապարհային երթևեկության ոլորտում նրա կանխարգելող գործառույթի կիրառումը մեծ քաղաքներում չէր ենթադրվում։ Ըստ նրա` նպատակն այն էր, որ Երևանում, Գյումրիում և Վանաձորում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները պահպանվեին և պարեկները զբաղված լինեին հանցագործությունների մասին հաղորդումներին արձագանքելով, այսինքն` ժամանեին դեպքի վայր, կատարեին անհետաձգելի քայլեր, իրականացնեին իրավախախտներին բռնելու գործողություններ։
«Պետք է լիներ, այսպես ասած, ոստիկանական շտապօգնության ծառայություն, որն իր վերակարգով ու տեխնիկական հագեցվածությամբ պատրաստ կլիներ կատարել իր առջև դրված խնդիրները։ Դա էր գաղափարը, դրա համար էր նախատեսված մոտ 52 միլիոն եվրոյի ծախսը։ Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Բացասական բան չեմ կարող ասել, բայցև չեմ կարող ասել, որ այն առավելագույնը, որ կարելի էր քաղել այդ ծառայությունից, այս պահին ունենք»,–ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։
Քոչարյանի կարծիքով` ճիշտ որոշումն այն է, որ պարեկային ծառայությունը պետք է ներդրվի նաև մարզերում։ Որոշակի ժամանակագրությամբ պարեկները գնալու են մարզեր, բայց նրանք հիմնականում զբաղված են լինելու երթևեկության ոլորտի կարգավորումներով։ Այսինքն` այդ ծառայությունը լինելու է ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումը, իրականացնելու է ՃՈ երկրորդ գումարտակի գործունեություն, ինչը պահանջված է այն առումով, որ մարզային ճանապարհներին տեսավերահսկման համակարգի թերի զարգացման պատճառով տեղի են ունենում դաժան վթարներ։
Այդուհանդերձ Քոչարյանը պնդեց, որ լոկ պարեկային ծառայության գործունեությամբ հնարավոր չէ պայմանավորել ՃՏՊ–ների թվի կրճատում, անհրաժեշտ են ավելի համալիր միջոցառումներ։ Հույս կար, որ բալային համակարգի օրենսդրությունը կիրառական ոլորտում ավելի կբարելավեր հսկողության մեխանիզմները, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։
Նշենք` ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պարեկային ծառայություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում։
ՀՀ վարչապետը կարևորեց ընդունելության մասին հայտարարությունը բոլոր հնարավոր շահառուներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը ու նաև կոչ արեց կանանց ակտիվորեն մասնակցել ոստիկանություն պարեկային ծառայության ընդունելությանը։