ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը Հայոց բանակի 30-ամյակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
«Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ Հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար»,- նշել է Վարդանյանը:
Նա ընդգծել է, որ ազգային ու պետական երազանքների իրականացման ճանապարհին ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչը այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական։
«Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք անցած 30 տարիներին ձևավորված լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար», - ասված է ուղերձում։
Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։