Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին, որն արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ իբր անհետ կորել էր։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ոստիկանության ծառայողներն ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում երեկ տեղեկություն են ստացել սպանության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։
Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդը, որը դեռ 2020 թվականի սեպտեմբերից հետախուզվում էր։ Նրա համար խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Հետախուզվողի հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու, և անհետ կորել է։ Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում։
Նախաքննությունը շարունակվում է։