Դավիթի տան մի անկյունից թռչունների թևերի ձայնն է լսվում, մյուս կողմում ծովախոզուկներն են աղմուկով օղակ պտտում, նրանց հարևանությամբ էլ տարբեր գույնի ձկնիկներով լի ակվարիումն է․․․ Օգիտան բոլորին տուն է բերել տան փոքրին՝ 5-ամյա Գոռին զբաղեցնելու համար։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ․․․ 18-ամյա Նարեն և 13-ամյա Մոնթեն հորը կորցնելու վիշտը մեծի պես են տանում, իսկ Գոռը դեռ սպասում է հայրիկի գալուն, միաժամանակ պնդում՝ զինվոր է դառնալու, որ թուրքերին պատժի։
Դավիթ Անանյանի հիշատակի անկյունը
© Sputnik / Aram Nersesyan
Օգիտան դարակից թղթեր է հանում․ ամուսնու օրագիրն է, որը նրա մահից հետո է գտել ու նամակներ։ Դավիթը դրանք գրել է, երբ դեռ ընկերություն էին անում։ Բարձրաձայն ընթերցում է` մեկ հուզվելով, մեկ ժպտալով... Հիշողությունները հետ են տանում․․․
Դավիթի ու Օգիտայի սիրո պատմությունը
Օգիտա Ղուկասյանն ու Դավիթ Անանյանը ծանոթ են եղել մանկուց։ Մեծացել են միևնույն շենքում` մեկը հինգերորդ հարկում, մյուսը՝ վեցերորդ։ Թեպետ մայրերը մոտ հարևաններ էին, բայց իրենք շփում չունեին։
«Ինքը իմ բակի ընկերը չի եղել. ես չարաճճի էի, իսկ ինքը՝ խելոք, ինքը բակ չէր իջնում, իսկ ես ամբողջ օրը բակում էի։ Տարբեր էինք»։
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
© Sputnik / Aram Nersesyan
Արդեն 10-րդ դասարանում էին, «Վերջին զանգին» էին պատրաստվում, մայրերի պատվերով երկուսով գնացին ծաղկեփունջ ընտրելու ու ճանապարհին ընկերացան։
«Բայց դա մաքուր, ազնիվ ընկերություն էր»,- ժպտում է Օգիտան։
Դավիթը Ոստիկանական ակադեմիա ընդունվեց, Օգիտան էլ ապագա կենսաբան էր։
«Երրորդ կուրսում էինք, ասաց. «Գիտես, ասում են՝ հեռու փնտրում ես, մոտիկ գտնում ես»։ Չէի հասցրել հասկանալ, թե ինչ է ասում, ավելացրեց` «ես քեզ սիրում եմ» ու արագ հեռացավ։ Մնացի շվարած։ Մտածում էի՝ ճի՞շտ լսեցի»։
Դավիթի կինը` Օգիտան
© Sputnik / Aram Nersesyan
Սկսեցին հանդիպել։ Դավիթը Քունգ ֆուով էր զբաղվում։ Ուզում էր Արցախում ոստիկանական համակարգում աշխատել, միաժամանակ մարզիչ լինել։
«Մի օր ասաց՝ որոշել եմ գնալ Արցախ, կգա՞ս։ Առաջարկեց, որ Արցախում սկսենք մեր ընտանեկան կյանքը։ Նենց լավ, նենց սիրուն ներկայացրեց...»։
Ամուսնացան ու տեղափոխվեցին Բերձոր։ Սոցիալական պայմանները դժվար էին, բայց երջանիկ էին ապրում։ Արդեն առաջնեկը՝ Նարեն ծնվել էր, երբ Դավիթն աշխատանքային կոնֆլիկտ ունեցավ ղեկավարի հետ, որոշեց ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել։
Այստեղ արդեն համակարգում աշխատանքը չշարունակեց. ընտանիքը պահելու համար տարբեր աշխատանքներ կատարելուց հետո դարձավ ապահովագրական ընկերություններից մեկի գրասենյակի ղեկավար։
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարը
© Photo : provided by David Ananyan's family
Պատերազմի լուրը ստանալուն պես Դավիթը մեկնեց Արցախ՝ ընկերոջ երեխաներին տարհանելու։
«Եկել էր ու տեղը չէր գտնում, ասում էր՝ պետք է գնամ։ Աչքերը նոր էին վիրահատել, ինքը աչքի ծանր հիվանդություն ուներ, որը կուրության էր տանում։ Դեռ ակնոց էլ չէին նշանակել, շատ վատ էր տեսնում։ Ասացի՝ ախր ի՞նչ ես անելու։ Զայրացավ՝ կարտոշկա կմաքրեմ, խրամատ կփորեմ... Գնաց զինկոմիսարիատ` հետ ուղարկեցին, դրանից էլ շատ վատ զգաց․․․ Ասաց՝ բարդակ էր։ Ես տեսել եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, ինձ չեն էլ կանչելու։ Ու սկսեց Արցախ գնալու ուղիներ փնտրել»։
Միացավ ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստը) մարզումներին, որոշեց նրանց հետ Արցախ մեկնել։ 2020–ի հոկտեմբերի 5-ին հրաժեշտ տվեց ընտանիքին ու գնաց։
Օգիտան խոսում է ամուսնու մասին, պարբերաբար խոր շունչ քաշում, շոշափում ամուսնու` պարանոցից կախված մատանին, կարծես Դավիթից ուժ ստանում ու շարունակում պատմել:
«Էնքան կարգապահ էր, հեռախոս չէր կարելի` իր հեռախոսը տանը թողեց, ասաց՝ ես կզանգեմ։ Զանգում էր մի քան օրը մեկ, խոսում էր կարճ, որ մի քիչ երկարացնում էի, ասում էր՝ Օգ, տղերքն էլ պետք է խոսեն, ու անջատում էր»։
Սկզբում Դավիթենց խումբը Քարվաճառում էր, հոկտեմբերի վերջին տեղափոխեցին Կարմիր շուկա-Թաղավարդ հատված։ Տղաները գիշերով խրամատ փորեցին՝ դիրքավորվելով այնտեղ, որտեղով հիմա անցնում է փշալարը՝ Թաղավարդը բաժանելով հայկականի ու ադրբեջանականի։
Հենց տղաների շնորհիվ էր, որ Թաղավարդն ամբողջությամբ ադրբեջանական տիրապետության տակ չանցավ։ Կարմիր շուկա-Թաղավարդի հատվածը ստրատեգիական է, այդտեղով է անցնում Շուշին, Ստեփանակերտը և Մարտունու շրջանը միմյանց կապող կարևորագույն ճանապարհը: Այն, որ Դավիթը հիմա արդեն պատերազմի կենտրոնում է, Օգիտան չգիտեր։ Նոյեմբերի 6-ին Դավիթենց գումարտակը տարան ոչ հեռու գտնվող «20-ի դիրք»։ Նոյեմբերի 6-9-ն այս դիրքում իսկական դժոխք էր, տղաներն ասում են՝ փամփուշտների հեղեղ էր, գլուխ բարձրացնել չէր լինում։
«Ամսի 6-ին զանգեց, առաջին անգամ ձայնը դուրս չեկավ, հետո 3 օր չզանգեց, շատ անհանգիստ էի։ Մոտս տագնապ էր, գնացի եկեղեցի, առաջին անգամ մտքովս անցավ առանց նրա ապրելը․․․ Անհոտ, անհամ ապրելը։ Չգիտեմ, թե ինչու մտածեցի․․․ Ամսի 9-ին զանգահարեց, քիչ էր մնում ասեի՝ Շուշին տվել են, ինձ զսպեցի։ Լավ էր, որ չասեցի։ Այդ օրը նենց հանգստություն իջավ վրաս. արդեն ցերեկը լուրեր կային, որ պատերազմն ավարտվում է, հայտարարությունից հետո էլ մտածեցի՝ վերջ, տուն կգա ու գիշերը հանգիստ քնեցի, առավոտյան աշխատանքի գնացի»։
Աշխատավայրում Օգիտայի լավատեսությունը հանդիպեց տարբեր կողմերից գործընկերների տարօրինակ հայացքներին։ Հետո քրոջ ամուսինը եկավ, ասաց՝ Դավիթը վիրավոր է․․․ Մոտ 1 ժամ անց լուրը հաղորդեցին․ Դավիթն էլ չի գա․․․
«Աթոռները կոտրեցի, իրեր շպրտեցի, մի լավ լացեցի ու ինձ շատ արագ հավաքեցի։ Հիշեցի, որ երեխաներ ունեմ...»։
Հետո արդեն մարտական ընկերներն Օգիտային պատմել են պատերազմի ու նաև Դավիթի երկրային կյանքի վերջին օրվա մասին։
Այն, որ Դավիթը տեսողական լուրջ խնդիրներ ունի, ոչ ոքի մտքով չէր անցել։ Մարտական ընկերները պատմում են, որ շատ դիպուկ էր կրակում։ Ժպիտով հիշում են նրա թեյ խմելը․ կրակոցների տարափի տակ էլ կրակ էր վառում, որ թեյ եփեր․․․
Տղաների խոսքով՝ նոյեմբերի 9-ին փամփուշտների անձրևից հետո կտրուկ ամեն ինչ կանգնել էր, լռություն էր։ Այն, որ հրադադար է, իրենք չեն էլ իմացել․․․ Դեռ չէին հասցրել լռության հետ հաշտվել, ուժեղ պայթյուն լսվեց. ավիառումբ էր․․․ Ընկել էր հենց այն խրամատի վրա, որտեղ 3 ընկերներն էին՝ Դավիթը, Կարենն ու Վաղարշը․․․ Դավիթի հոգեհանգստի օրը մարտական ընկերներից մեկն Օգիտային լուսանկարներով կրիչ փոխանցեց. բոլոր լուսանկարներում նրանք երեքով են. նրանց ծանոթությունն ու ընկերությունը տևեց 35 օր, ճիշտ այնքան, որքան նրանց բաժին պատերազմն էր...
Դավիթի զոհվելուց հետո ավագ դուստրը՝ Նարեն, սկսեց ՈՄԱ-ի մարզումների հաճախել, հիմա Օգիտան է դա անում։
Ասում է՝ մի կողմից դա այն վայրն է, որտեղ ամեն ինչ Դավիթին է հիշեցնում, մյուս կողմից էլ ֆիզիկապես և հոգեպես ուժեղանում է, ինքնապաշտպանություն սովորում։ Պատերազմը չի ավարտվել, պարտավոր է գոնե իր երեխաներին պաշտպանել կարողանալ, երբ դրա ժամանակը գա...