ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը ևս հայտ է ներկայացնելու Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:
«Հրապարակն» արդեն գրել էր, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետների թեկնածուներին փոխելու հարցը:
Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն և որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին:
Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, և ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը:
Թեև ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել:
Հիշեցնենք` Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու դեկտեմբերի 5–ին։