ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին` Սյունիքի մարզում ադրբեջանցիների գործողությունները չեն կարող չազդել Իրանից Հայաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների վրա: Դեռ վաղ է հաշվարկել տնտեսության կրած վնասները, ու ավելի կարևոր է ոչ թե այն, թե որքան ենք կորցնում այսօր, այլ ինչքան կտևի այս իրավիճակը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը տարանցիկ երկիր կմնա Իրանի համար։ Ավելին, բեռների հոսքը հարևան երկրից չի դադարի: Նա հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, թե բեռնափոխադրումները կրճատվելու են, ու տնտեսության կոլապս է լինելու։
«Ակնհայտ է, որ այս ամբողջ իրավիճակն ազդում է բեռնափոխադրումների ու տնտեսության վրա։ Այլ հարց է, թե որքան դա կտևի։ Միայն ժամանակի ընթացքում հնարավոր կլինի հասկանալ այդ ազդեցության բնույթը», - ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ մի բան է, երբ խնդիրը կարճաժամկետ է և այն օպերատիվ կերպով լուծում են։ Եթե այս պատմությունը ձգձգվի՝ Իրանը կսկսի Հայաստանին այլընտրանքային ուղիներ փնտրել։ Տնտեսագետը չի բացառում, որ Բաքվի գործողությունները իրանական վարորդների նկատմամբ հայկական մայրուղում կարող են ուղղված լինել Թեհրանից դեպի երրորդ երկրներ տարանցիկ հոսքերի արգելափակմանը:
Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ ներկայումս Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության առյուծի բաժինը Իրանն իրականացնում է Ադրբեջանի միջոցով, իսկ Եվրոպա է դուրս գալիս Թուրքիայի տարածքով։ Այստեղ ավելորդ չի լինի հիշատակել ակտիվորեն քննարկվող, սակայն չիրականացված «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային նախագծի, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում Հայաստանի ներգրավման Իրանի և Հնդկաստանի մտադրությունները։ Այս բոլոր նախագծերը Իրանից ու Հնդկաստանից Հայաստանի տարածքով եկող բեռների մատակարարումների դիվերսիֆիկացում են ենթադրում։ Նախագծերի իրականացման դեպքում, մասնագետները կանխատեսմամբ, Երևանը տարանցիկ հաբի դեր կունենա, ինչը չի կարող դուր գալ հարևան Ադրբեջանին։
Միքայելյանը նշեց, որ եթե Իրանը այլընտրանքային երթուղիներ ընտրի, ապա դա երկար ժամանակով կլինի: Նա նշեց, որ այս ամբողջ պատմությունը զուտ քաղաքական է, իսկ տնտեսությունը միայն դրա զոհն է։
Հայաստանի ու Իրանի միջև բեռնաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 1,1 մլն տոննա (չհաշված գազը)։ Ելնելով այդ տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ տարեկան հայ-իրանական սահմանը շուրջ 40-45 հազար բեռնատար է հատում (երկու ուղղությամբ)։
Իրավիճակը, մեղմ ասած, տհաճ են համարում նաև լոգիստիկայի ոլորտի ներկայացուցիչները։ Այժմ նրանք խորհուրդ են տալիս սպասել ու ոչինչ չեն կանխատեսում։ Միակ լուծումը, նրանց կարծիքով, Կապան-Գորիս այլընտրանքային ճանապարհի կառուցումն է, և հնարավորինս արագ։
Խոսքը Աղվանի գյուղով Տաթևից Կապան տանող ճանապարհի մասին է։ Ըստ ծրագրի՝ այն շահագործման կհանձնվի 2021 թվականի աշնանը։
Ճանապարհի ընդհանուր երկարությունը 68 կմ է, որից 43 կմ-ը ենթակա է վերականգնման։ Առաջին 12,5 կիլոմետրի վերանորոգումը սկսվել է դեռ 2020 թվականին: Միայն Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5-կիլոմետրանոց հատվածի վերականգնման համար հատկացվել է 2 մլրդ 780 մլն դրամ (մոտ 5,7 մլն դոլար):
Նշվում է, որ այդ ճանապարհը ներկայումս գործող մայրուղու միակ այլընտրանքն է, որի մի մասը Ղարաբաղում մարտական գործողություններից հետո հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքի սահմանազատման գծում: Այլընտրանքային ուղին «Հյուսիս-Հարավ» լայնածավալ նախագծի մի մասն է։
«Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենածավալուն նախագծերից է։ Ճանապարհը իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 550 կմ-ից կկրճատի մինչև 490 կմ ու կհեշտացնի դեպի Սև ծով ելք ոչ միայն Հայաստանի, այլև՝ Իրանի համար: