ԵԱՏՄ երկրներն ավելացրել են հավի մսի արտահանումը

ԵԱՏՄ երկրներից հավի մսի արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը, Ուկրաինան ու Սաուդյան Արաբիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներն ավելացրել են հավի մսի արտահանումը դեպի երրորդ երկրներ։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը։
Հարկային եկամուտներն աճել են. ՊԵԿ–ը նոր տվյալներ է ներկայացրել
Նշվում է, որ վերջին հինգ տարում թռչնամսի արտադրությունը միությունում ավելացել է գրեթե 10 տոկոսով:
2021 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԵԱՏՄ երկրներն արտահանել են շուրջ 80 հազար տոննա հավի միս՝ գրեթե 140 միլիոն դոլար գումար արժողությամբ: Արտահանման հիմնական ուղղություններն են Չինաստանը, Ուկրաինան և Սաուդյան Արաբիան (140 միլիոն դոլարի արտահանած ապրանքից այդ երկրներին բաժին է ընկել 116 միլիոնը)։ Սաուդյան Արաբիա արտահանումը, 2020 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է գրեթե 40 տոկոսով։
Առայժմ ԵԱՏՄ երկրներից թռչնամիս են արտահանում Ռուսաստանն ու Բելառուսը։ Թռչնամսի արտահանման ընդհանուր ծավալում այդ երկրների մասնաբաժինն այսօր կազմում է համապատասխանաբար 84 և 16 տոկոս։
Նշենք, որ Հայաստանն արտադրում է հավի մսի ներքին սպառման մոտ մեկ երրորդը, մնացածը ներմուծվում է արտասահմանից, հիմնականում` Բրազիլիայից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից, իսկ վերջին տարիներին՝ նաև Ռուսաստանից։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
«Շաքարային» իրարանցում Հայաստանում. գներն աճել են, դեֆիցիտի մասին լուրերն ուռճացված են