Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը. ԶԼՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Կառավարությունը չի կատարում Սահմանադրական դատարանի որոշումը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Կառավարությունը հետաձգում է Հայաստանի համայնքներին խոստացած դոտացիաների վճարումը
Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 19-ին և 20-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել 37 համայնքի միավորման նախագիծ: Այդ նախագծերը մեկ անգամ արդեն քննարկման էին դրվել 2020թ. դեկտեմբերին, և քվեարկողների բացարձակ մեծամասնությունը՝ 93%-ը, դեմ էր քվեարկել նախագծերին:
«Այժմ ևս քվեարկածների կեսից ավելին դեմ է ներկայացված նախագծերին: Նկատենք, որ կառավարությունը մտադիր չէ տեղական հանրաքվե իրականացնել ընտրություններից առաջ, որպեսզի իմանա միավորվող համայնքների վերաբերյալ բնակչության կարծիքը: Հիմնավորման մեջ միայն նշված է, որ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձեւաչափով) համայնքային ժողովներ են կազմակերպվել, որոնց արդյունքներով մշակվել են համայնքների միավորման նախագծերը»,-գրել է պարբերականը:
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
Նշվում է, որ առկա է, սակայն, Սահմանադրական դատարանի որոշում՝ Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարների դիմումի հիման վրա, երբ Սահմանադրական դատարանը 2021թ. մայիսի 14-ին որոշել էր, որ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է նախատեսվեն: Կառավարությունը, սակայն, փաստացի չի կատարում ՍԴ-ի որոշումը: