ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին:Տեղեկությունըհայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Ըստ Նիկողոսյանի` առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։
Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում, և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։
Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի, և գործընթանցն ավելի կարագանա։
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է մոտ 2000 անուն։