Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշել է, որ գերիներին վերադարձնելու ուղղությամբ համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ հայկական կողմն անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում է պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը»,–գրել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ–ը շնորհակալություն է հայտնել բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում են ունեցել թեկուզ մեկ կյանք փրկելու գործում: Նա նշել է, որ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի:

Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխանակումը կատարելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

«Ախպեր, նորից կարդա ազգանունը, չեմ հավատում». գերիների հարազատներն օդանավակայանում էին