ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ հայկական կողմն անհերքելի ապացույցները փոխանցել ու փոխանցում է պետական ու միջազգային լիազոր մարմիններին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Բացի նրանցից, դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք, որոնց մի մասը, հուսանք, ողջ են և նրանց ևս պետք է տուն վերադարձնել, իսկ եթե ողջ չեն, ապա առնվազն պարզել նրանց ճակատագիրը»,–գրել է Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ–ը շնորհակալություն է հայտնել բոլոր մարմիններին ու անձանց, որոնք փոքր-ինչ ներդրում են ունեցել թեկուզ մեկ կյանք փրկելու գործում: Նա նշել է, որ այդպիսի համակարգված ու ներդաշնակ աշխատանքներ կատարել են մի քանի թիմեր Արցախում և Հայաստանի Հանրապետությունում, որոնց ջանքերի առյուծի բաժինն անտեսանելի է եղել, իսկ արդյունքների մի մասն՝ արդեն այսօր տեսանելի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12 մարդ, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել փոխանակումը կատարելու «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։
Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։
«Ախպեր, նորից կարդա ազգանունը, չեմ հավատում». գերիների հարազատներն օդանավակայանում էին