ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Պոնտացի հույների համայնքը մեծ հանգանակություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։ ԱՄՆ–ի պոնտացի հույների միությունը հիմնադրամին 100 հազար դոլար է փոխանցել։
«Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ մենք այդ գումարը հավաքել ենք մեր ընկերներով, մեր հայ եղբայրներին աջակցելու համար», – ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Greek City Times պարբերականը, Հայաստանի օգտին հանգանակությունների գումարներն աճում են ամբողջ աշխարհում։ Հույն լրագրողները հրապարակել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը` https://www.himnadram.org/en։
Հույն ակտիվիստները օգնել են հայերին նաև այլ հարցում. Anonymous Greece հաքերական խումբը հայտնաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջն ու հաջողությամբ տապալել դրա գործունեությունը, իսկ որպես ապացույց ներկայացրել է կատարված աշխատանքի արդյունքի մասին վկայող սքրինշոթը։
Հոկտեմբերի 12-ին Արցախի ՊԲ–ի հրապարակած զոհվածների ցանկում նշված է Արեն Օսիպովի անունը (1984 թվ. ծնված), որը Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչ էր։ Արցախի բնակչության անվտանգության համար մղվող մարտերում զոհվել և տուժել են ասորի, եզդի, ռուս և այլ ազգության զինվորներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո