«Այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ասել եմ Ալիևին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահի խոսքով` տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան համապատասխան տեղեկություններ ունի, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկել Ղարաբաղ։ Ուղիղ եթերում նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ընդգծելով, որ սա շատ լուրջ ու նոր հանգամանք է և ի թիվս այլ հարցերի քննարկվելու է Բրյուսելում, որտեղ այսօր մեկնարկում է Եվրամիության երկօրյա արտահերթ գագաթնաժողովը։

«Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտում. տեսանյութ

Նրա խոսքով` հավաստի տեղեկությունները վկայում են, որ գրոհայիններն ուղարկվել են մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։ Ֆրանսիայի ունեցած տվյալներով` գրոհային–ջիհադիստները Սիրիայից տեղափոխվել են թուրքական Գազիայնթափ` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու։ 

«Մենք զրուցել ենք նախագահներ Թրամփի և Պուտինի հետ, որպեսզի փոխանակենք այս մասին մեր ունեցած տեղեկություններն ու համապատասխան հետևություններ անենք»,– ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ Նա շեշտել է` ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն էլ մոբիլիզացված են։ 

«Ես կլինեմ լրիվ անկեղծ` կիրակի սկսված հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ուղիղ ասել եմ Ալիևին»,– նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը վստահեցրել է` արվելու է ամեն ինչ առանց նախապայմանների հրադադարին վերադառնալու և հակամարտությունը բանակցային, իրավական ճանապարհով կարգավորելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Թուրքիան հայտարարել է, որ իրենք կշարունակեն աջակցել Ադրբեջանին։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան