Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին հարաբերական անդորր է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց»,-գրել է նա։

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Տեղեկացվում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Վժժժ... տեսնես այս անգա՞մ ում տունը քանդվեց. կյանքը կրակոցների տակ ապրող Չինարիում

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։