Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հին համակարգչից վերականգնված ֆայլերից բացահայտվում է, թե ընտրակեղծիքների ինչ մանիպուլյացիոն համակարգեր են գործել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց` ընդունում է քննադատությունը, որ ԲՀԿ-ի կոռուպցիոն գործերը բացահայտվում են, ՀՀԿ-ինը՝ ոչ:

«Այո՛, պետք է մեր իրավապահների առաջ խնդիր դնել և այս գործի շրջանակներում պետք է խորանալ այնքան՝ մինչև ՀՀԿ-ինն էլ, բոլորինն էլ բացահայտվեն: Կոռուպցիոն համակարգն իր ամենավերջին ղազագրով պետք է այս հողից արմատախիլ անենք և անելու ենք»,- ասաց նա:

Վարչապետը նաև նշեց` մամուլը ՀՀԿ-ի ընտրակեղծիքների հետ կապված գրել է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրեական գործով կա դրվագ, որով Մինասյանի հին համակարգչից վերականգնված ֆայլերից բացահայտվում է, թե ընտրակեղծիքների ինչ մանիպուլյացիոն համակարգեր են գործել:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀԿ-ի դեպքում ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքները ԲՀԿ-ից տարբեր մեխանիզմով են գործել: Ըստ նրա` եթե ԲՀԿ-ի պարագայում ծախսվել են հիմնականում մեկ մարդու փողերը, և հաշվետվությունները ներկայացվել են մեկ մարդու, ապա ՀՀԿ-ի դեպքում ամեն մեկը ծախսել է «իր գողացած փողն» ու փողային հաշվետվություն չի տվել:

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից