Դիմորդների 1/3-ն արդեն լրացրել են առցանց հայտը. նախարար

Նախարարը դիմորդներին կոչ արեց իրենց մասին լավ հոգ տանել այս ընթացքում չհիվանդանալու և քննությանը մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտի համար ստեղծված dimord.am առցանց հարթակում արդեն 5629 գրանցում է եղել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց, որ դա նշանակում է՝ այս ուսումնական տարվա դիմորդների կեսից ավելին արդեն համակարգում գրանցված է։ Նախարարն ուրախությամբ նշեց` թեպետ էլեկտրոնային հայտը լրացնելու համար դեռ 13 օր կա, բայց արդեն 4433 դիմում լրացված է։ Դա նշանակում է՝ դիմորդների 1/3 -ն արդեն հայտագրվել է քննությանը մասնակցելու համար։

Արայիկ Հարությունյանը դիմորդների ծնողներին խնդրում է քննական կենտրոններ չգնալ

Նրա խոսքով՝ առաջին օրը եղել են տեխնիկական խնդիրներ, բայց դրանք հիմա չկան։ Համակարգը հնարավորինս մատչելի է մշակված։

«Կորոնավիրուսը որպես հնարավորություն օգտագործեցինք ևս մեկ համակարգ թվային դաշտ տեղափոխելու համար և բոլոր փաստաթղթերն ընդունելու թվային տեսքով»,- նշեց նախարարը։

Քննությունները կանցկացվեն հուլիսի 1-8–ն ընկած ժամանակահատվածում։ Օգտվելով առիթից, նախարարը կոչ արեց դիմորդների ծնողներին, հարազատներին, բարեկամներին` չուղեկցել նրանց քննական կենտրոններ կամ գոնե միայն մեկ ուղեկից լինի։

Ինչպես ճիշտ լրացնել ընդունելության հայտը. նախարարը հրապարակել է «Դիմորդ 2020» ուղեցույցը

Նախարարի խոսքով՝ քննական կենտրոնները հիմա պատրաստվում են, որպեսզի անվտանգության բոլոր պայմանները պատշաճ լինեն քննության անցկացման համար։

Նախարարը հիշեցրեց, որ հայտագրումն ավարտվում է հունիսի 15-ին։ Նա նաև խնդրեց դիմորդներին, որ իրենց լավ նայեն այս ընթացքում, չվարակվեն, որ կարողանան ակտիվ մասնակցել քննությանն ու բաց չթողնել այն։

Հարությունյանը տեղեկացրեց, որ սկսվել է նաև առաջին դասարանցիների օնլայն հայտագրումը։

Հիշեցնենք՝ 2020-2021 ուստարվա դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհի` մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտության մրցույթին։ Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են 2 փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան