Եթե ուզում եք ազատվել Ամանորին կուտակած քաշից, հետևեք սննդաբանների խորհուրդներին

Հայերի առատ սեղաններից խուսափելը բարդ գործ է։ Ամանորի ընթացքում ոմանք գուցե կարողացել են խուսափել ճարպային ուտեստներից, բայց շատերը հասցրել են զգալիորեն գիրանալ։ Sputnik Արմենիան ներկայացնում է ճանաչված սննդաբանների խորհուրդները, որոնք կօգնեն «անցնցում» նիհարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Հետտոնական օրերին խիստ սննդակարգը ցանկալի չէ. այն կարող է սթրեսային լինել օրգանիզմի համար։ Այս կարծիքին է ճանաչված սննդաբան Գայանե Շահխաթունին, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Ամանորից հետո օրգանիզմը «սթափեցնելու» նրբությունները։

«Տոնական օրերին մարդիկ ակտիվ սնվել են, և այժմ ստամոքսը լայնացած է։ Իրավիճակը շտկելու համար կարելի է օգտագործել կենդանական սպիտակուցներ, մասնավորապես` հավի կամ հնդկահավի կրծքամիս, յուղազրկված կաթնաշոռ, կեֆիր, մածուն։ Օրգանիզմը շատ լավ է յուրացնում միատեսակ սնունդը, ինչի շնորհիվ յուրացվում են նաև ճարպերը։ Չենք մոռանում խմել 1.5-2 լիտր ջուր»,–ասաց նա։

Սննդաբանը խորհուրդ է տալիս այդ ընթացքում աղ և շաքար չօգտագործել, քանի որ դրանք խանգարում են նյութափոխանակությանը և պասիվացնում մարսողությունը։

Առաջին և 2-րդ երեխայի համար ծնողը 300 հազար դրամ նպաստ կստանա. խնամքի նպաստն էլ կավելանա

Սակայն բեռնաթափման օրերով տարվել չի կարելի։ Մասնագետն առաջարկում է շաբաթական 1-2 անգամ հայտարարել բեռնաթափման օրեր և սնվել հաճույքով, սիրել այդ օրերը։

Շահխաթունին բեռնաթափման օրերի համար 2 տարբեր սննդակարգ է առաջարկում։

Տարբերակ 1

Հարկավոր է 4 ձու, որը կարող եք խաշել կամ ձվաձեղ անել (չկպչող թավայում, առանց բուսայուղի կամ կարագի), 4 նարինջ, 300 գրամ կեֆիր կամ մածուն և մոտ 30 գրամ դառը շոկոլադ` սուրճի համար։ Այս ամենը պետք է չափաբաժիններով օգտագործել 2.5-3 ժամը մեկ։ Ցանկալի է կեֆիրը կամ մածունն ուտել երեկոյան ժամերին։ Օրվա ընթացքում հաճախ սուրճ և ջուր խմեք։

Տարբերակ 2

Հարկավոր է հավի խաշած կրծքամիս (մոտ 250 գրամ), 10 հատ կանաչ պղպեղ, մեկ կապ հազարաթերթ։ Սննդաբանը մսի փոխարեն առաջարկում է օգտագործել լոբազգիներ։ Այս ամենը բաժանում եք չափաբաժինների և կարող եք օգտագործել 2.5-3 ժամը մեկ (առանց աղի)։ Շատ ջուր խմելու մասին չմոռանաք։

Ճամփորդ Գոռի խենթ նախաձեռնությունը. ինչպես 62 օրում 16 երկիր տեսնել ու շատ գումար չծախսել

Սննդաբանի խոսքով` եթե մարդը տոնի գլխավոր մասը համարում է սնունդը, ապա դա անկրթություն է։

«Սնունդը օրգանիզմի շարժիչի համար նախատեսված բենզինն է, որը պետք է լինի որակյալ, որպեսզի շարժիչը չվնասի։ Սնունդը չպետք է դառնա մարդուն հաճույք պատճառելու տարբերակ։ Ամանորյա սեղանի մոդայիկ ուտեստները` խոզի ազդրը, նրբաբլիթները, «Մայրաքաղաքային» աղցանը երկրորդ օրն արդեն տոքսիններ են արտադրում և այնքան վնասներ են պատճառում օրգանիզմին, որ եթե մարդիկ դա սեփական աչքով տեսնեին, հավանաբար մեկընդմիշտ կհրաժարվեին այդ անառողջ սննդից։ Չի կարելի մսային ուտեստները 10 օր պահել սառնարանում և օգտագործել»,– ասաց Շահխաթունին։

Նա համոզված է, որ անսահմանափակ ուտելու խնդիրը հոգեբանական է։ Մարդը, որը 10 օր անգիտակցաբար սնվել է և գիրացել է 5-6 կիլոգրամ, մինչ Ամանորն արդեն իրեն ծրագրել է, որ պետք է անսահմանափակ ուտի և ավելորդ քաշի մասին չմտածի։

«Ամանորից հետո ինձ զանգահարում են հաճախորդներս և ասում, որ 5-6 կիլոգրամ գիրացել են։ Երբ մենք միասին պլան ենք մշակում այդ ավելորդ քաշից ազատվելու համար, զգում եմ, որ նրանք 4-5 օր մեծ հաճույքով են կատարում նախատեսված բեռնաթափման ծրագիրը։ Նշանակում է, որ նրանք օրգանիզմին հոգեբանորեն պատրաստել են քաշի նվազեցման»,–ասաց նա։

Ի տարբերություն Շահխաթունու` սննդաբան Լիլիթ Բասյանը կարծում է, որ Ամանորից հետո կուտակված ավելորդ 5-6 կիլոգրամները դիետաների միջոցով կորցնելու պարագայում կրկին «կվերադառնան» տիրոջ մոտ, եթե մոռացության մատնվի առողջ և ճիշտ սննդի օգտագործումը։

Եթե ուզում եք ազատվել Ամանորին կուտակած քաշից, հետևեք սննդաբանների խորհուրդներին

«Չպետք է դիետաներ պահել։ Առողջ սննդակարգի առաջին քայլը պետք է սկսել հագեցած նախաճաշից, որպեսզի քաղցած չմնաք և մինչև ճաշը բավարարվեք մեկ մրգով։ Ճաշին կարելի է ուտել մսեղեն կամ ձկնեղեն, ինչպես նաև ծովամթերք, որը պետք է համադրել բանջարեղենի հետ։ Այնուհետև կարելի է ուտել բանջարեղենային աղցան կամ բանջարեղենային ապուր»,– ասաց նա։

Լիլիթ Բասյանի խոսքով` մինչև մարդն իր ցանկությամբ չորոշի առողջ ապրել և օգտագործել բացառապես առողջ սնունդ, ոչ մի սննդաբան նրան չի կարող օգնել։ Որովհետև դա «փակ շրջան է», ու սխալ սննդակարգի դեպքում ավելորդ կիլոգրամներն անխուսափելի են լինելու։

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ