Սահմանադրական կարգի համեստ հմայքը, կամ բռնությունը պետք է արմատախիլ անել

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրը մենք տեղեկացանք այն մասին, որ երկրի բոլոր արտաքին և ներքին թշնամիներին անխոս պարտություն է սպասում։ Արտաքին բոլոր թշնամիներին մենք ճանաչում ենք, իսկ թե ո՞ւմ համարել ներքին` կցանկանայինք հասկանալ ընտրության չափանիշները։ Եվ, իհարկե, բռնությունը մերժելու հարցում չի կարելի չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ։
Sputnik

Հունիսի 21-ին նշվող ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը այլ թեմաների շարքում անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին և ներքին թշնամիներին վերաբերող հարցին` վստահություն հայտնելով նրանց միանշանակ պարտության մեջ։

«Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն, բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, այդ ուժերը կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հարվածը, հակահարվածը։ ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն», – ասաց Փաշինյանը։

Ծառուկյան–իշխանություն առճակատումը սրվում է. իրականում ինչից պիտի ամաչի իրավապահ համակարգը

Թեև արտաքին թշնամուն արժանի հակահարված տալը ենթադրվում է բուն պետության գոյությամբ, սակայն այդ կանխադրույթը, իհարկե, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հնչեցնել, ինչը և արեց Փաշինյանը։ Հայաստանի պարագայում արտաքին թշնամիները դրանք բոլորին հայտնի երկու պետություններն են, և գուցե, մի քանի կազմակերպություն (կամ հիմնադրամներ), որոնք գործում են գրեթե ամբողջ աշխարհում։

Այսինքն, ներքին թշնամիներ կարող են լինել այդ երկու պետությունների վրա աշխատող գործակալները, և գուցե, վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները երկրում։ Հայաստանի բոլոր մյուս քաղաքացիները որևէ կերպ չեն կարող դասվել «ներքին թշնամի» կատեգորիային, նույնիսկ եթե նրանք ներկայիս կառավարության ամենաթեժ քննադատներն են:

Անակնկալ ստուգումներ գազա և բենզալցակայաններում. իմաստ կա՞, եթե շուկայի կառուցվածքը սխալ է

Եվ քանի որ Հայաստանում կա կազմակերպություն, որի վրա ազգային անվտանգությունն ապահովելու պարտականություն է դրված, ապա նա էլ պետք է գործի` երկիրը փոքր է, բնակչությունն էլ ավելի փոքր, կարելի է ասել, որ բոլորը ճանաչում են միմյանց, և օտարերկրյա գործակալները, ամենայն հավանականությամբ, հայտնի անեկդոտից «շպիոն Օնիկի» մարմնավորում են։ Այսինքն, մեծամասամբ նրանց նույնիսկ բացահայտելու անհրաժեշտություն չկա։

Եվ ընդհանրապես` Հայաստանի համար արտաքին թշնամիները բավարար են, ներքինները նույնիսկ պետք չեն։ Իսկ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմական փորձը, վերջիններիս փնտրտուքները սովորաբար բերում են «վհուկների որսի», քանի որ «որսորդները» հավեսի ընկնելու հատկություն ունեն։ Թեև, հույս կա, որ մեզ կհաջողվի խուսափել նման իրավիճակում հայտնվելուց։

Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ

Առավել ևս, որ Փաշինյանը մանրամասնեց «ներքին թշնամի» հասկացության իր ըմբռնումը, նշելով, որ չի հանդուրժի բռնության քարոզը։ Այստեղ կարելի է չհամաձայնել տերմինաբանության հետ` բռնության քարոզը թշնամական գործողություն չէ, այլ քրեական հանցագործություն, բայց ըստ էության, մնացած ամեն ինչ ճիշտ է։ Երկրում բռնությունը միանշանակ չպետք է քարոզվի և արմատավորվի։

«Որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ-ում Սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում։ Մեր կամքը չի սասանվի ու մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը և գործելակերպը», – հայտարարեց Փաշինյանը։

Կիքս, որի վրա ծիծաղողները Հայաստանի Հանրապետությանն են ծաղրում

Կրկին ամեն ինչ ճիշտ է, չես վիճի։ Մի փոքր շփոթեցնում է միայն սահմանադրական կարգի պաշտպանության ժամանակ կամքի դրսևորման հետ  կապված արտահայտությունը. ստացվում է, որ նախկին իշխանությունը` հանրապետականները, այդ կամքը չունեին կամ այդ պաշտպանությամբ զբաղվելու ցանկություն չունեին։ Բայց չկար` չկար, ինչ եղել է` անցել է։

Իսկ այստեղ ի հեճուկս ի հայտ եկան Թբիլիսիի դեպքերը. ոստիկանությունն առանց վարանելու հատուկ միջոցներ և ռետինե փամփուշտներ կիրառեց` ցրելով բազմահազարանոց ցույցը Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում։  Ինչպիսի հանգուցալուծում կստանա այդ ամենը Վրաստանում դեռ հասկանալի չէ, սակայն բողոքները ճնշվել էին ոստիկանական ուժերի կողմից։

Նորից պառկեց Գասպարին. Վահե Գրիգորյանի «հռչակավոր» հայտարարությունը սյուրպրի՞զ էր, թե պրիզ

Ի՞նչ է այստեղից հանգում։ Միայն մի բան, որ եթե որևէ երկրի իշխանություն չի կարծում, որ իրեն պետք է «գահընկեց անել», նա բռնություն է կիրառում (մասնավորապես ոստիկանական մեթոդներով), ինչի մենաշնորհային իրավունքն ունի։ Եվ հակառակը, եթե որևէ երկրում իշխանությունը պատրաստ է հեռացված լինելու, ապա այդ դեպքում նա նույնիսկ բռնություն կիրառելու կարիք չունի։ Ամեն ինչ կախված է առաջնահերթություններից, որով այդ պահին պայմանավորվում է իշխանական կառույցների վարքագիծը։

Սահմանների պաշտպանության և հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասով ամեն ինչ պարզ է։ Սահմանադրական կարգը պաշտպանելու վճռականությունը, իհարկե, նույնպես բնական է. պարզապես լավ կլիներ հետևել, որպեսզի Սահմանադրությունը միևնույն ժամանակ չխախտեին բուն իշխանության ներկայացուցիչները. օրինակ, կենդանի նախագահի օրոք, որի լիազորությունները չեն կասեցվել, Սահմանադրական դատարանի նախագահներ չինքնահռչակվեն։ Օրինակներ էլի կան, պարզապես սա թարմ է։ 

100 գումարած 1 փաստ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից կամ «հին» մեթոդներից լավը չկա

Նաև, որ կրկնակի ստանդարտներ չլինեն։ Այլապես ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հետևյալն է ասում. «Յուրաքանչյուր գրասենյակ, կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, և որևէ մեկն իրավունք չունի օրենքից դուրս սահմանափակել ցանկացած քաղաքացու ազատ տեղաշարժը»։

Դարձյալ ամեն ինչ ճիշտ է, և դարձյալ վիճելու բան չկա։

Պարզապես ստացվում է, որ դատարաններն արգելափակելը (կամ, օրինակ, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում գտնվող կաթողիկոսարանը) նշանակում է «սահմանափակել քաղաքացու ազատ տեղաշարժը» օրինական ճանապարհով, իսկ Սորոսի գրասենյակի դեպքում նույնը հանկարծ անօրինական է ստացվում։ Պետք է օրենքները վերընթերցել, գուցե այնտեղ բացառություններ են արվել կոնկրետ կազմակերպությունների համար։