«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը

ՀՀ առողջապահության նախարարը հայտնեց ծխելու մասին օրենքի ընդունման հարցում առկա խոչընդոտների մասին։ Նա նոր օրենքը տնտեսական առումով շահավետ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծն ու այդ իրավական ակտի շուրջ բոլոր կարգավորումներն արդեն մշակված են։  Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

«Մի ծխեք նրանց մոտ, ում սիրում եք». Արսեն Թորոսյանը մասնակցեց ֆլեշմոբին

Ենթադրվում էր, որ օրենքը պետք է ընդունվեր ընթացիկ տարվա մայիսին, որոշ դրույթներ պետք է ուժի մեջ մտնեին անմիջապես, մյուսները` 2020 թվականից, իսկ մի մասն էլ` 2021 թվականից։ Սակայն օրենքի կարգավորումների խստացումը և մեծ տուգանքները հանրային աղմուկ բարձրացրին, ինչը հանգեցրեց լրացուցիչ լսումների և իրավական միջոցների մշակման։

Նա չգիտի, երբ խորհրդարանը կսկսի քննարկել նախագիծը, բայց Թորոսյանը հայտնեց, որ այսօր նախարարությունը փորձում է կառավարությունում այն առաջ տանել։ Սակայն, նախարարի խոսքով, որոշակի խոչընդոտներ կան, օրինակ, նախարարների կաբինետի որոշ անդամների մտավախությունը կապված նրա հետ, որ ծխելու մասին օրենքի խստացումը  կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը։ Միևնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է և տնտեսական տեսանկյունից օրենքը Հայաստանին ձեռնտու է։

200 000 մարդ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան

«Եթե իմ ցանկությունը լիներ, օրենքն արդեն ընդունված կլիներ։ Բայց որոշ անձինք մտավախություններ ունեն կապված տնտեսական նպատակահարմարության հետ, որոնք իրականում բխում են  ծխախոտային արդյունաբերության ոլորտում գործող և սեփական շահերից հանդես եկող ընկերությունից», – ընդգծեց նախարարը։

Թորոսյանը նաև հայտնեց, որ նոր օրենքում էլեկտրոնային ծխախոտները հավասարեցվել են սովորականներին, քանի որ դրանք նույնպիսի վնաս են հասցնում։ Ավելին, նրա խոսքով, դրանց օգտագործման կողմնակի արդյունքները դեռ չեն ուսումնասիրվել և պետք է կանխել դրանց տարածումը երկրում, հատկապես երիտասարդների շարքում։

Նախագիծը մշակել ու ներկայացրել է Առողջապահության նախարարությունը դեռ 2017 թվականի վերջին, սակայն, ներկայիս նախարարի նախաձեռնությամբ, այն խստացվել է։ Օրենքի նախագծի համաձայն, ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում։ Ըստ օրենքի նախագծի` վերոնշյալ վայրերում ծխախոտ վաճառելու համար 500 հազար դրամ տուգանք է նախատեսում, իսկ ծխելու համար` 200 հազար դրամ։