Տարիներ անցան. ինչպես էր Կարեն Քոչարյանը բանկա–փլավ խաղում և ինչու էին նրան Քոչինյան ասում

Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը մեծացել է Լերմոնտովի փողոցում, որը հետո վերանվանվել է Սայաթ Նովա պողոտա։
Sputnik

Նրա մանկությունն անցել է Երևանի սրտում` Կարապի լճից ոչ հեռու։ Նրանց սեփական տան տեղում հիմա գտնվում է Երգչախմբային ընկերության տունը։ 60–ականներին երևանցի երեխաների մոտ հայտնի է եղել բանկա–փլավ խաղը։ Նա նաև ֆուտբոլ է խաղացել և հեծանիվ քշել։

Տարիներ անցան. ինչպես Հրաչ Քեշիշյանը պաղպաղակի պատճառով խրվեց պարտքերի մեջ

Կարենը հիշում է, թե ինչպես էին այն ժամանակ մեծահասակներն էլեկտրականության հաշվիչի մեջ ֆոտոժապավեն մտցնում` պտույտը դանդաղեցնելու համար։ Բացի այդ, նրա մանկության տարիներին շրջան է եղել, երբ ընկերները Քոչարյան ազգանունն արտասանել են ոչ թե Քոչարյան, այլ Քոչինյան, ինչպես Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարինը։

Իսկ Ստանիսլավսկու անվան թատրոնի ներկայացման պրեմիերայի ժամանակ նույնիսկ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Դրան ներկա է եղել Անտոն Քոչինյանը, որը նստած է եղել առաջին շարքում։ Երբ ներկայացումն ավարտվել է, Կարենը կանգնած է եղել բեմի մոտ, իսկ հակառակ կողմից` նրա ընկերը, որը սկսել է բարձրաձայն կանչել. «Քոչինյա՛ն, բրավո գոռա»։

Մանկական անմիջականությունից ապշած առաջին քարտուղարը, չհասկանալով, որ իրեն չեն կանչում, այլ Կարեն Քոչարյանին, տեղից բարձրացել է ու մի քանի անգամ «բրավո» բղավել։

«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին և մոռացված բակային ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ վառ պատմություններին։