Փաշինյանի դաշինքը 70% քվե կստանա, իսկ ՀՀԿ–ն կարող է «չհասնել» խորհրդարան. սոցհարցում

Դեկտեմբերի 1-4–ն անցկացված հարցմանը մասնակցել են 1100 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը գալիք խորհրդարանական ընտրություններում կկարողանա ստանալ ընտրողների քվեների մոտ 70 տոկոսը։ Այդ մասին վկայում են Հայաստանում Gallup International Association ներկայացուցչության անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։

ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան

Կազմակերպության ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը հարցման արդյունքները ներկայացրեց լրագրողների հետ հանդիպմանը։ Նրա խոսքով` պատկերը հետևյալն է. «Իմ քայլը»` 69,4 տոկոս, ԲՀԿ` 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստան»` 3,8 տոկոս, «Սասնա ծռեր»` 1,4 տոկոս, ՀՀԿ` 1,3 տոկոս, ՀՅԴ` 1,2 տոկոս, «Մենք»` 0,8 տոկոս, ՕԵԿ` 0,4 տոկոս, «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»` 0,3 տոկոս, «Ազգային առաջընթաց»` 0,1 տոկոս, «Քրիստոնեաժողովրդական» կուսակցություն` 0,0 տոկոս։

Ինչպես հայտնեց Նավասարդյանը, հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4–ը, մասնակցել են 1100 քաղաքացի։ Շեղումը կազմում է 3 տոկոս։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա 2018թ–ի դեկտեմբերի 9–ին։