Թուրք ջութակահարը Կոմիտասի «Կռունկն» է նվագել Գյուլերի հիշատակին. տեսանյութ

Վիրտուոզ ջութակահար, գիտնական և կոմպոզիտոր Սիհատ Աշքինը Կոմիտասի ստեղծագործությունը նվիրել է հանրահայտ լուսանկարչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ջութակահար, գիտնական և կոմպոզիտոր Սիհատ Աշքինը նվագել է Կոմիտասի «Կռունկը»։ Նա ստեղծագործությունը նվիրել է թուրքահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին, որը հայտնի է նաև «Ստամբուլի աչք» անունով։

Աշքինը տեսանյութը հրապարակել է Facebook-ի իր պաշտոնական էջում և գրել. «Արա Գյուլերի հիշատակին… Կոմիտաս, Կռունկ»։

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

Գյուլերի հայկական աչքը. Ստամբուլն` առանց սուլթանական շքեղության

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բեռնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:

Գյուլերը մահացել է հոկտեմբերի 18-ին Ստամբուլում 90 տարեկանում։