ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 32-ի, 29-ը անհետ կորած են համարվում, ավելի քան 40 հանքափորներ արգելափակվել են սողանքների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ մահացել են 25 մարդ, անհետ կորել են 13-ը։
«Մասնավոր տնակը, որում 40-50 մարդ է եղել, սողանքների պատճառով թաղվել է հողի մեջ։ Մենք մտավախություն ունենք, որ նրանք մահացել են»,- ասել է Իտոգոնի քաղաքապետ Վիկտորիո Պալանգդանը։
Ոստիկանության ներկայացուցիչ Լինդոն Մենսիոն էլ հայտնել է, որ փրկարարները փլատակների միջից 4 դիակ են հանել, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Այն շրջանում, որտեղ սողանքներ են եղել, հիմնականում հանքափորներ են ապրում։ Քաղաքապետի խոսքով, փլատակների տակ հայտնված կառույցը նույնպես օգտագործել են հանքափորները։
Չինաստանի օդերևութաբանական վարչությունը երեկ հայտարարել էր, որ վտանգի աստիճանը կարող է հասնել ամենաբարձր մակարդակին։
Հուժկու թայֆունն ուրբաթ երեկոյան հարվածել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափերին: Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական և աստղագիտական ծառայություններից հաղորդում են, որ արշիպելագի մի քանի կղզիներում քամու ուժգնությունը 170 կմ/ժ է, իսկ Լուզոնի հյուսիսում ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև վեց մետր բարձրության: Բացի այդ, սպասվում են ուժեղ տեղումներ, կան նաև նախազգուշացումներ ջրհեղեղի մասին:
Մոտ հարյուր ներքին և միջազգային չվերթներ չեղյալ են հայտարարվել, շուրջ 423 հազար սպառողների համար փորձում են էլեկտրաէներգիա ապահովել: