ԲՀԿ-ին ուղղակի մեղադրում են. Երիցյանի հայտարարությունը նույնպես ուղարկվել է ոստիկանություն

Իվետա Տոնոյանը հորդորել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ձեռնպահ մնալ «այդ էժանագին գործելաոճից ու առաջնորդվել բացառապես այն իրողություններով, որոնք իրական են»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ Գրիգորի Երիցյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել: Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը, իսկ ընկերներիս հորդորում, որ նման որևէ դեպքի ականատես լինելու դեպքում տեղեկացնեն ինձ: Նոր Հայաստանում ընտրակաշառքը տեղ չունի»:


ԲՀԿ-ից այս ամենը հերքել են՝ համարելով սա «պարզապես շատ էժանագին և վաղուց իրենց սպառած քայլ»:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հորդորել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում ձեռնպահ մնալ «այդ էժանագին գործելաոճից ու առաջնորդվել  բացառապես այն իրողություններով, որոնք իրական են»: