Ոստիկանությունը մեկ միլիարդը գերազանցող չարաշահում է բացահայտել

Ավտոմեքենաները տեխզննում չեն անցել, բայց դրա դիմաց ոմանք բյուջեից գումար են ստացել։ Ոստիկանությունը պետական բյուջեից հափշտակության մեխանիզմ է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ կեղծված փաստաթղթերով պետական բյուջեից խաբեությամբ 1.031.330.000 դրամ են յուրացրել։

Վարդենիսի դիահերձարանում ամեն հանգուցյալի համար 45 հազար դրամ են պահանջում. բացահայտում

Դեպքը բացահայտել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը։

Տեխզննման լիցենզիա ունեցող ընկերությունները, ըստ ոստիկանության, 2015-2018թթ ընթացքում ավտոմեքենաների տեխնիկական զննման դիմաց նախատեսված 5500-10.500 դրամի կտրոններ են դուրս գրել, բայց մեքենաների փաստացի տեխնիկական զննում չեն իրականացրել։

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները դրանք ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել 1.031.330.000 դրամ:

Բացահայտված փաստերով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: