Հոլանդահայ մարզիկ Գեղարդ Մուսասին`Հայաստանի հեղափոխության ու նոր կառավարության մասին

Խառը մարտարվեստի հոլանդահայ մարզիկ Գեղարդ Մուսասին օնլայն ռեժիմով պատասխանել է Haysport թիմի մի քանի հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Խառը մարտարվեստի ամենատիտղոսակիր մարտիկներից մեկը` Գեղարդ Մուսասին, լիահույս է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո փոփոխություններ կլինեն։ Այդ մասին նա ասել է Haysport–ին տված հարցազրույցում։

«Ես հպարտանում եմ, որովհետև ոչ մի զոհ չի եղել։ Նրանք արեցին դա… Ես չգիտեմ` երբևէ ուրիշ տեղ նման բան եղել է։ Ոչ ոք չի մահացել, և ես ուրախ եմ դրա համար», – ասել է Մուսասին։

Ռուս մարզիկը Եվրոպայի գավաթում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Մարզիկը նշել է, որ հիացած է և հիմա սպասում է, թե «թավշյա հեղափոխությունը» ապագայում ինչ կտա Հայաստանին։

«Նախկին կառավարությունը մի քիչ, ո՛չ, ոչ թե մի քիչ, այլ շատ կոռումպացված է եղել։ Ինչ–որ մասը փող է ունեցել, իսկ ժողովուրդը աղքատ է եղել։ Հուսով եմ, որ նոր առաջնորդների օգնությամբ երկիրը կփոխվի դեպի լավը», – ասել է Մուսասին։

Հիմա մնում է միայն մատները խաչել և հետևել փոփոխություններին, ասել է նա հարցազրույցի ժամանակ` հավելելով, որ շատ երկար ժամանակ վերնախավը փող է գողացել, իսկ ժողովուրդն աղքատության մեջ է եղել։

Մուսասին պատմել է նաև գալիք մենամարտերի մասին։

«Ես հիանալի մարզավիճակում եմ։ Գիտեմ, որ շատերն են մարտից առաջ այդպես ասում, բայց ես իսկապես լավ մարզավիճակում եմ», – ասել է հայազգի մարտիկը։

Մուսասիի խոսքով` նա շատ լուրջ է վերաբերում մենամարտին և ամեն ինչ կանի հաղթելու համար։

Ընկերների աչքի առաջ գոտի նվաճելը (bellator չեմպիոնի տիտղոս) մեծ նշանակություն ունի ինձ համար, ասել է Մուսասին։

Մայիսի 25–ին Գեղարդ Մուսասին կփորձի դառնալ Bellator–ի չեմպիոն միջին քաշային կարգում։