Ռուսաստանը կարգելի ներկած սպիրտը կոնյակ անվանել. ի՞նչ են մտածում Հայաստանում

Հայաստանում կոնյակի ոլորտի կարգավորումն ավելի խիստ է, քան Ռուսաստանում։ Բայց 2019թ–ին ԵԱՏՄ երկրներին կմիավորի ընդհանուր նորմատիվ բազան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսական իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ փոփոխություններ մշակել դաշնային օրենսդրությունում` Ռուսաստանում կոնյակի և շամպայնի տեսքով կեղծ խմիչք վաճառելու հնարավորությունը բացառելու համար։ Հայաստանում կարծում են, որ այդ փոփոխությունները տեղի արտադրողներին չեն առնչվի։

«Ինձ վախեցնում է, երբ կոնյակի փոխարեն խանութներում հայտնվում է մաքուր սպիրտ, որի մեջ ավելացնում են գունանյութ և վաճառում «կոնյակ» անվան տակ։ Մենք հիմա աստիճանաբար 171 դաշնային օրենքի շրջանակում, որն ընդհանուր առմամբ կարգավորում է ալկոհոլային արտադրանքի արտադրության ոլորտը, կամաց-կամաց մոտենում ենք որոշման», — ՌԻԱ Նովոստիին ասել է ոլորտը կարգավորող փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը։

Ներկա պահին օրենսդրությունում չկան դրույթներ, որոնք կարգելեին կեղծ կոնյակի և շամպայնի վաճառքը, քանի որ ԳՕՍՏ-ին անհամապատասխանությունը հիմք չի հանդիսանում, որ դրանք դուրս բերեն խանութներից։

Հայկական կոնյակը կասկածից դուրս է, արդյո՞ք Չերչիլը «Դվին» էր սիրում

«Մեզ մոտ շատ բան չի համապատասխանում ԳՕՍՏ-ին։ Երբ ասում ենք, որ կոնյակը պետք է արտադրվի խաղողի որոշակի տեսակից, որն ընդհանրապես չի աճում ՌԴ տարածքում, իսկ այն շարունակում է կոչվել կոնյակ», — ասել է փոխվարչապետը։

Նրա խոսքով` պետք է մշակել կարգավորում, լիցենզավորում և արտադրանքի որակը որոշել այդ օրենքի շրջանակում։

«Այս տարի ցանկանում ենք ամեն ինչ վերջացնել և ուրախանալ, որ մարդիկ որակյալ խմիչք են խմում», — նշել է Խլոպոնինը։

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային ասաց, որ հարցը Հայաստանի հետ կապված չէ։

«Այստեղ կլուծվեն Ռուսաստանի ներքին խնդիրները, քանի որ մենք ՌԴ և ԱՊՀ շուկա ենք արտահանում կոնյակ, որն անցնում է մեր չափանիշներով», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանում իրավական դաշտը, որը կարգավորում է կոնյակի արտադրությունը, ավելի լիբերալ է, քան Հայաստանում։

Այնտեղ գոյություն ունեն տարբեր կատեգորիաներ, որոնց անվանման մեջ օգտագործվում է կոնյակ բառը, օրինակ` «կոնյակի խմիչք»։ Սպառողը շփոթում է կոնյակի հետ։

Նա նշեց, որ նոր տարում ուժի մեջ կմտնի տեխնիկական կանոնակարգ, որի դեպքում անկախ Ռուսաստանի բարձրացրած հարցերից, բոլոր պահանջները կխստացվեն։