Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը պնդում է՝ անգիր արած տեքստեր է ասել
16:56 25.11.2026 (Թարմացված է: 16:58 25.11.2026)

Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Պնդում է, թե ոստիկանները մանրամասներով իրեն սովորեցրել են, թե ցուցմունքում ինչ պետք է ասի։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում կրկնեց նախորդ նիստի ժամանակ արած հայտարարությունը՝ պնդելով, թե նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք է տվել, անգիր արած տեքստեր է ասել՝ սպառնալիքների և խոշտանգումների պատճառով։
Նոյեմբերի 12–ին կայացած նիստում Գևորգ Հարությունյանը ևս ասել էր, թե ոստիկանության ծառայողների սպառնալիքների և շանտաժի ներքո է խոստովանել սպանության կատարումը։
«Ըտենց բան չի եղել, որ Վալոդյա Գրիգորյանն ինձ վիրավորեր, էդ սաղ հորինված էր, էդ ամեն ինչը սովորած տեքստեր են։ Ոչ թե մենակ բարև-բարլուս չի եղել, իրար դեմ էլ իսկի դուրս չենք եկել, որ մի բան էլ լիներ, էդ ամեն ինչը սուտ ա»,- հայտարարեց Հարությունյանը՝ հերքելով, թե անձնական խնդիրներ է ունեցել Գրիգորյանի հետ, վրեժից դրդված է սպանություն կատարել և այլն։
Դատարանում այսօր հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, այդ թվում՝ հանցագործության վայրում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Հարությունյանը պատմում՝ որտեղ է Վալոդյային հանդիպել, կրակել նրա վրա, որ կողմից է եկել և այլն։
Հարությունյանը կրկին հայտարարեց, որ այդ վայրն իրեն նախապես տարել են, ցույց տվել, ինքն էլ կրկնել է այդ ճանապարհը։ Հայտարարեց նաև, որ հայտնաբերված հագուստը, ձեռնոցները, զենքն իրենը չեն եղել։
Հարությունյանը կրկին հայտարարեց, որ այդ վայրն իրեն նախապես տարել են, ցույց տվել, ինքն էլ կրկնել է այդ ճանապարհը։ Հայտարարեց նաև, որ հայտնաբերված հագուստը, ձեռնոցները, զենքն իրենը չեն եղել։
Պնդում է՝ նախկինում վախեցել է այս ամենը խոստովանել, իսկ հիմա իբրև թե սպառնալիքների և վախի ազդեցությունը թուլացել է։
«Ուզում եմ բոլորն իմանան, որ ես էս սպանության հետ կապ չունեմ»,- հայտարարեց Հարությունյանը։
Ասում է՝ բոլոր մանրամասներով ոստիկաններն իրեն սովորեցրել են, թե ինչ պետք է ասի ցուցմունքում, այդ թվում, որ շատ մտերիմ է 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի հետ, իսկ Վալոդյա Գրիգորյանն էլ մյուս կողմի «главарь»-ն է եղել, դրա համար էլ սպանել է նրան։
Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։