«Ես ներողություն խնդրելու առիթ չունեմ»․ Աննա Գրիգորյանը՝ նոր Սահմանադրության մասին
20:49 23.11.2026 (Թարմացված է: 20:53 23.11.2026)

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Ընդդիմադիրխմբակցությանղեկավարի խոսքով` նոր Սահմանադրության նախագիծն ուղղակի «ալիևյան փաստաթուղթ» է, որով Բաքուն փորձում է հայ ժողովրդին պարտադրել ներողություն խնդրել սեփական անցյալի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը ոչ միայն բավարարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջները, այլև ավելի է ամրապնդում սուպերվարչապետական համակարգը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ մեկնաբանելով հրապարակված փաստաթուղթը։
Այսօր առավոտյան հրապարակվեցՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննուղերձով դիմեց ժողովրդին՝ նշելով, թե նոր Սահմանադրությունը պետության նոր մոդել է կառուցում՝ 4-րդ հանրապետություն։
Պատգամավորը վերահաստատել է իրենց խմբակցության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ իրենք որևէ պարագայում կողմ չեն քվեարկելու այդ փաստաթղթին։
«Մեր հարևան երկրի ղեկավարին դուր չի գալիս, որ մեր Սահմանադրությունը հիմնված է մեր ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։ Ասում է՝ մի Սահմանադրություն ընդունեք, որտեղ այս կամ այն բառը տեղ չունենա, տարածքային պահանջներ չլինեն…Նախ մեր Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, ըստ որի` տարածքային հավակնություններ գոյություն չունեն։ Երկրորդ՝ նույն Ալիևի կողմից նախաստորագրված փաստաթղթի 2–րդ հոդվածում ասվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ։ Այսինքն՝ նույնիսկ եթե իրենց մտքով ինչ–որ մտավախություններ լինեին էլ, փարատված են»,– նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի իրական նպատակը ոչ թե ապագայի երաշխիքներ ստանալն է, այլ Հայաստանի ներքին գործերին միջամտելն ու հայ ժողովրդին նվաստացնելն է։
«Ինքը ուզում է պայմանավորվել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև հայ ժողովրդի հետ և մեծ հաշվով ակնկալում է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ հայ ժողովուրդը յուրահատուկ ներողության ակտ կանի և ներողություն կխնդրի Ադրբեջանից անցյալի համար։ Ես ներողություն խնդրելու առիթ չունեմ, դուք ևս, սիրելի հայրենակիցներ, ներողություն խնդրելու առիթ չունեք, որովհետև մեր պայքարը եղել է հայ մարդու՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար»,–ընդգծել է պատգամավորը։
Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոր տեքստից դուրս են մնացել հայ ժողովրդի համար առանցքային մի շարք խորհրդանիշներ և ձևակերպումներ։ Մասնավորապես, Անկախության հռչակագրի հեռացմամբ շրջանցվում է նաև Հայոց ցեղասպանության հարցը, իսկ զինանշանի նկարագրությունից հանվել է Արարատ լեռան հիշատակումը։
«Նոր Սահմանադրության տեքստում ընդհանրապես որևէ հիշատակում չկա Արարատ լեռան մասին, այսինքն՝ դա էլ փորձում են մոռացության տալ և հետագայում ավելի հեշտ փոփոխելու հնարավորություններ ստեղծել։ Եթե չլիներ Ալիևի պահանջը, այս Սահմանադրությունն այս տեքստով երբևէ չէր հայտնվի»,– ասել է նա։
Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ պատգամավորը հերքել է իշխանությունների պնդումները, թե ընդդիմությունը խոչընդոտում է գործընթացին։ Նրա գնահատմամբ՝ միակ խոչընդոտը Ադրբեջանն է, որն այս պահանջով պարզապես ձգձգում է գործընթացը՝ նոր զիջումներ կորզելու նպատակով։
«Խորհրդարանում իրեն (Նիկոլ Փաշինյանին–խմբ.) հարց տրվեց՝ արդյոք ունե՞ք վստահություն, որ սա վերջին զիջումն է։ Ասաց՝ կգնամ, կխոսեմ արտաքին դերակատարների հետ՝ նկատի ունենալով նախևառաջ Ալիևին, և կգամ պատասխանով։ Գնաց Դուբլին, խոսեց Ալիևի հետ, մինչև այդ էլ՝ Էրդողանի հետ, և եկավ ձեռնունայն՝ որևէ պատասխան չբերելով»,–եզրափակել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։