Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
16:36 17.11.2026 (Թարմացված է: 17:02 17.11.2026)

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFP
Բաժանորդագրվել
Ըստ Հայ դատի կենտրոնական խորհրդի` Արցախում ռազմական ուժի կիրառումը փոխել է տարածքը վերահսկող կողմին, սակայն չի լուծել տեղի ժողովրդի իրավունքների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից 3 տարի անց, ինչի հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, արցախյան հակամարտությունը մնում է չլուծված։ Այս մասին ասված է Հայ դատի կենտրոնական խորհրդի «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» փաստաթղթի թարմացված խմբագրությունում։
Նախորդ հրապարակումը եղել էր 2025 թվականի մարտի 19-ին։
«Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկող կողմին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը»,– նշում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Թարմացված փաստաթղթում կարևոր կետերն են.
Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ արդեն բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ Ըստ Հայ դատի փաստաթղթի` 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է արցախահայության վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների հարցի մասին։ Գրասենյակից հիշեցնում են` այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ։
Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս գոյություն չունի միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։
Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված։ Միաժամանակ այն քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։
Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանն անազատության մեջ է պահում 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի 8 նախկին ղեկավարներին։ Նրանք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման և զրկված են անկախ այցելությունների հնարավորությունից։
Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ադրբեջանը նաև հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։
Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։
Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝
բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը նրանց մոտ, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,
Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես որոշել է Արդարադատության միջազգային դատարանը,
միջազգային մանդատով նոր ձևաչափի ստեղծումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության համաժողովի գումարումը,
հաշվետվողականության ապահովումը՝ անպատժելիության փոխարեն, և ցանկացած այնպիսի կարգավորման բացառումը, որը կչեղարկի տեղահանվածների ու պատանդառվածների պահանջները,
հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա յուրացման ու օտարման օրինականացման մերժումը,
ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,
Հայաստանի կառավարության կողմից այս իրավունքների հետևողական պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների նկատմամբ ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականության մշակումն ու իրականացումը։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանտվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։