Bitcoin-ի և Nvidia-ի բաժնետոմսերի անկում. ինչից են ամենից շատ տուժել հայ ներդրողները

© AP Photo / Kin Cheung
Բաժանորդագրվել
Փորձագետը նշել է, որ Հայաստանում կրիպտոարժույթների շուկայի նկատմամբ հետաքրքրության ակնհայտ աճ է նկատվում, և այս միտումը միայն կուժեղանա։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. Bitcoin-ի փոխարժեքի վերջերս տեղի ունեցած անկումը գրեթե չի ազդել հայ ներդրողների վրա, քանի որ նրանցից շատ քչերն են ներդրումներ կատարում կրիպտոարժույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Bitcoin Armenia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, «Կրիպտոձեռներեցների միություն» (CryptoUnion) ՀԿ–ի խորհրդի նախագահ, կրիպտոոլորտի հայ առաջատար փորձագետներից Էդուարդ Ավետիսյանը։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Bitcoin-ը 80,000 դոլարից իջավ մինչև երեք ամսվա ամենացածր մակարդակին՝ 68,000 դոլարից ցածր (փոխարժեքը կարճ ժամանակով նվազել է մինչև մոտ 67,468 դոլար)։ Այս ընթացքում թվային ակտիվների ընդհանուր կապիտալիզացիան կրճատվել է մինչև 2.3 տրլն դոլար, իսկ դրանց հարկադիր լիկվիդացիաների ալիքը գերազանցել է 1.5 մլրդ դոլարը։
Մեր զրուցակցի խոսքով՝ համաշխարհային կրիպտոարժույթների շուկայում ճգնաժամը կարող է որոշակի վնաս հասցնել մարժինալ առևտրականներին (որոնք ակտիվներ են ձեռք բերում փոխառած միջոցներով), սպոտային ETF-հիմնադրամներում ներդրողներին (որտեղ ներդրողները կրիպտոարժույթային կապիտալը պահում են արժեթղթերի տեսքով), ինչպես նաև ալտքոինների (Bitcoin–ից բացի թվային այլ արժույթների) տերերին։
«Նրանց պորտֆելները կարող են որոշակի վնաս կրել, բայց որքանով ինձ հայտնի է, դա ազդում է Հայաստանում ներդրողների միայն շատ փոքր մասի վրա։ Bitcoin գնողները Հայաստանում ներդրողների հստակ փոքրամասնությունն են կազմում։ Կարծում եմ, որ հայ ներդրողներին շատ ավելի լուրջ հարված կարող է հասցնել Nvidia բաժնետոմսերի և ընդհանուր առմամբ արժեթղթերի ամերիկյան շուկայի անկումը», – կարծում է Ավետիսյանը։
Մասնագետի տեսանկյունից, Bitcoin-ի գնի վերաբերյալ կանխատեսում անելը անշնորհակալ գործ է: Նա կարծում է, որ գինը, հավանաբար, առաջիկա ամիսներին կայուն կմնա, բայց կարող է նաև նվազել, ինչը կախված կլինի մակրոտնտեսական իրավիճակից և ԱՄՆ ԿԲ (դաշնային պահուստային համակարգ) տոկոսադրույքներից։
Միևնույն ժամանակ, Ավետիսյանը կարծում է, որ կրիպտոարժույթների պատմության մեջ ամենամեծ կիբեռհարձակումը, որին հոկտեմբերի վերջին ենթարկվեց Binance կրիպտոբորսան, որևէ էական ազդեցություն չի ունեցել Bitcoin-ի գնանշումների վրա: Binance-ը բազմաթիվ հարթակներից միայն մեկն է, որտեղ ներդրողները կարող են գնել և վաճառել Bitcoin, ուստի այն որևէ բացառիկ ազդեցություն չունի շուկայի վրա, կարծում է Ավետիսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես հետագայում խուսափել նմանատիպ միջադեպերից և ապահովել կրիպտոարժույթների շուկայի անվտանգությունը, Ավետիսյանը նշել է, որ ունիվերսալ բաղադրատոմս բոլոր դեպքերի համար գոյություն չունի. ETF-ի և Bitcoin-ի տերերը պետք է հասկանան, որ այս ոլորտը բարձր ռիսկային է։
«Ըստ էության, դուք ձեր միջոցները վստահում եք կազմակերպությանը, և ամեն ինչ կախված է նրա հեղինակությունից և աշխատանքի սկզբունքներից: Այն, թե ինչպես է նա ապահովում անվտանգությունը և որքան բարեխղճորեն է վերաբերվում ձեզ, կախված է հենց ընկերությունից: Ամեն դեպքում, կրիպտոարժույթների բորսաներում միջոցներ պահելը միշտ որոշակի ռիսկ է պարունակում», – նշել է կրիպտոոլորտի փորձագետը։
Այս պատճառով նա չափազանց արդիական է համարում խորհուրդն այն մասին, որ կրիպտոակտիվները պետք է պահել ոչ թե բորսայական հաշվի վրա, այլ սեփական ապակենտրոնացված դրամապանակում՝ անվտանգության արձանագրությունների պահպանման պայմանով։
Միևնույն ժամանակ նա նշել է այն հանգամանքը, որ Հայաստանում «Կրիպտոակտիվների մասին» համալիր օրենք է գործում, որն ընդունվել է 2025 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Այս օրենքը թվային ակտիվների շուկան դուրս է բերել «մոխրագույն գոտուց» և սահմանել է հստակ կանոններ կրիպտոակտիվներ վաճառողների և մատակարարների համար, այդ թվում բարձրացնելով վերահսկողության և, հետևաբար, անվտանգության մակարդակը։
«Անցումային շրջանը կավարտվի 2027 թվականի հունվարի 31-ին։ Մինչ այդ բոլոր նման կազմակերպությունները պետք է կամ լիցենզիա ստանան, կամ փակվեն։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ ոլորտը լիովին կարգավորվել է», – ընդգծել է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Կարևոր է նշել, որ ընկերությունները պարտավոր կլինեն նույնականացնել իրենց հաճախորդներին և գրանցել նրանց գործարքների նպատակը։ Սա կհեշտացնի վերահսկողությունը, մասնավորապես, կրիպտոդրամապանակների նկատմամբ, որոնք առցանց ռեժիմում որևէ տեղ չեն «երևացել» (դրանք միայն սեփականատերն է տեսնում)։
Միևնույն ժամանակ, կրիպտոոլորտում այնպիսի հետագծելիության հասնել, ինչպիսին է ավանդական ֆինանսական համակարգում, տեխնիկապես անհնար է, եթե գործարքներում գործի դրվեն դրամապանակներ, որոնք գրանցված չեն և կապված չեն կոնկրետ անձանց հետ, ասում է Ավետիսյանը։
«Այնուամենայնիվ, մասնակի լուծում գոյություն ունի. երբ հաճախորդը նույնականացման գործընթաց է անցնում, դա թույլ է տալիս մեզ պարզել ակտիվների ծագումը և այն, թե ուր են դրանք ուղղվել։ Սակայն, երբ խոսքը հետագա գործողությունների մասին է, օրինակ՝ որտեղ են փոխանցվել ձեռք բերված կրիպտոակտիվները, որտեղ է դրանք ուղարկել հաջորդ ստացողը և այլն, նման շարժումների հետագծելիությանը հետևելը հաճախ ֆիզիկապես անհնար է դառնում», – պնդում է Bitcoin Armenia-ի ղեկավարը։
Նա նաև հավելեց, որ այս ոլորտում մշակույթի մակարդակը ակտիվորեն զարգանում է՝ ոչ միայն արտասահմանում, այլև Հայաստանում։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են իմանում կրիպտոարժույթների և Bitcoin-ի մասին։ Նրանք նաև ծանոթանում են հայկական ներդրումային ֆոնդերի հետ, որոնք հասանելիություն են տրամադրում ամերիկյան շուկաներ, որտեղ էլ տեղադրվում են նրանց արժեթղթերը։
Բացի այդ, առևտրի համար հասանելի են դարձել ETF-բիթքոինները, որոնք գրանցված են Միացյալ Նահանգներում (Bitcoin-ի տիրապետող ներդրումային ֆոնդի կողմից թողարկված արժեթղթեր)։ Այս հնարավորությունների նկատմամբ հետաքրքրությունը ապագայում միայն կաճի, ասաց փորձագետը։
Նա դժվարացավ վիճակագրություն տրամադրել Հայաստանում Bitcoin ունեցողների վերաբերյալ, հիմնականում այն պատճառով, որ այս ոլորտում դեռ իրավականորեն կարգավորվող սուբյեկտներ չկան։ Մոտ մեկ տարի հետո, հավելեց նա, կազմակերպություններն արդեն կսկսեն հրապարակել զեկույցներ, այդ թվում՝ հաճախորդների բազայի վերաբերյալ։
Հավելենք, որ վերջերս մի շարք ուսումնասիրություններ են անցկացվել կրիպտոակտիվների նախագծերի փակման պատճառների վերաբերյալ: Փորձագետներից մեկը,մասնավորապես, մեկտեղել էր փակման պատճառների վերաբերյալ այդ նախագծերի ղեկավարների հայտարարությունները։ Միայն 10% դեպքերում են նրանք հաքերային հարձակումները նշել որպես հիմնական պատճառ: Դեպքերի մոտավորապես 25%-ում որպես պատճառ նշվել է շուկային անհամապատասխանելիությունը, 20%-ում՝ անբավարար շահութաբերությունը, և մոտավորապես 15%-ում՝ գործունեության փոփոխությունը կամ այլ նախագծերի հետ համախմբումը: