Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան
21:39 08.11.2026 (Թարմացված է: 21:52 08.11.2026)
© Public Radio of Armenia
Բաժանորդագրվել
Դիվանագետը նշել է, որ ռուս-հայկական հարաբերություններում անհրաժեշտ է կառուցել «նոր հավասարակշռություն»: Անհրաժեշտ է տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների համալիրի քննարկում և շտկումներ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Իր արտաքին քաղաքական կուրսի, իր ռազմավարական գործընկերների ընտրությունը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է։ԱհաՌուսաստանի համար Հայաստանը միշտ եղել է, կա և ես համոզված եմ, որ լինելու է շատ կարևոր երկիր։ Մեր ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն առանձնահատուկ և բացարձակ մնայուն արժեք։ Ես դրանում համոզված եմ, և ոչ միայն ես: Ինչ վերաբերում է գործընկերների ընտրությանը, ես կրկնում եմ, դա Հայաստանի Հանրապետության իրավունքն է», - հայտարարել է Կոպիրկինը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում Հայաստանի ղեկավարության կողմից երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ:
«Գաղտնիք չէ, որ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերանայման մասին։ .. Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որդեգրվել է արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ։ 2025 թվականին ընդունվել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այսինքն՝ մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը», - ասել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը դրան ըմբռնումով է մոտենում, բայց, իհարկե, այդ ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում հարաբերությունների համալիր շտկումներ։
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի ղեկավարության կողմից հարց է բարձրացվել այն մասին, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի ինտեգրացիոն վեկտորի հարցում՝ իմ նշած օրենքի ընդունման լույսի ներքո։ Եվ, բնականաբար, համապատասխան որոշումը մեծապես կազդի մեր փոխգործակցության բնույթի, մեխանիզմների վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այսինքն ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կայանքների վերաձևակերպման գործընթացն ընթանում է ամբողջ թափով, և, իհարկե, դա չի կարող չբարձրացնել նոր հաշվեկշիռների որոնման հարցը», - ընդգծել է դեսպանը։
Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ այդ երկխոսությունը կառուցողական ընթանա։
«Շատ կարևորէ, որ երկու կողմից լինի մեր հարաբերությունները պահպանելու քաղաքական կամքը, այն, ինչը մեզ միավորել է շատ երկար ժամանակ, այն, ինչը շատ կարևոր է մեր ժողովուրդների համար։ Բայց, իհարկե, դա պետք է տեղի ունենա շփման կետերի որոնման և միմյանց շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա», - ընդգծել է Կոպիրկինը։
Հիշեցնենք՝ ՌԴ-ն հայտարարել էր, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: