Թուրքական գամբի՞տ, թե՞ ադրբեջանական ցուգցվանգ․ ի՞նչ է կատարվում «թյուրք եղբայրների» միջև

© Sputnik / Сергей Гунеев
Բաժանորդագրվել
Անկարայի համար բացարձակ անընդունելի է Հարավային Կովկասում ինքնուրույն ուժի կենտրոնի ի հայտ գալը՝ ի դեմս Ադրբեջանի, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Հայաստանյան ներքաղաքական անցուդարձի ֆոնին գրեթե աննկատ է մնում չափազանց հետաքրքրական մի գործընթաց՝ կապված թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաձևման հետ։
Իրականում «Մեկ ազգ՝ երկու պետություն» հայեցակարգի արտաքին ճակատի հետևում ընթանում են գործընթացներ, որոնք կարելի է բնութագրել որպես Թուրքիայի խնամակալությունից դուրս գալու Ադրբեջանի փորձ։
Առավել ևս գաղտնիք չէ, որ ցուցադրական «եղբայրության» հետևում թաքնված է ադրբեջանցիների նկատմամբ թուրքերի վատ քողարկված արհամարհանքը։
Դա դրսևորվում է նույնիսկ կենցաղային մակարդակում, երբ միջին վիճակագրական թուրքը վերևից է նայում իր ապշերոնցի զրուցակիցներին և մշտապես հիշեցնում, որ սեփական պետականության գոյության փաստով ադրբեջանցիները պարտական են թուրք գեներալ Նուրի փաշայի սվիններին, որը 20-րդ դարի սկզբին փաստացի դատարկ տեղից (պատմական առումով) ադրբեջանցիներին պետականություն «նվիրեց»՝ ի դեմս Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (եթե թեկուզ հպանցիկ թերթենք թուրքական մամուլը, ապա Թուրքիայի ԶԼՄ-ներն առաջին հերթին առաջ են մղում հենց այս փաստը)։
Սակայն առանց պատմական մանրամասների մեջ խորանալու հիշեցնենք, որ երկու երկրների միջև ներկայումս առկա տարաձայնությունները տեղեկատվական դաշտ արտահոսեցին այն ֆոնին, երբ Ադրբեջանի դպրոցներում և բուհերում արգելվեց մուսուլմանական գլխաշորեր և իսլամական ավանդական նորմերին համապատասխանող հագուստ կրել: Խոսքը նախևառաջ հիջաբ կրելու արգելքի մասին էր։ Սակայն էությունը նույնիսկ ոչ թե բուն արգելքն է, այլ այդ փաստի նկատմամբ Թուրքիայի ծայրաստիճան ցուցադրական, ես նույնիսկ կասեի՝ արհեստական բացասական արձագանքը։
Այն, որ Անկարայի վրդովմունքը շինծու և մեծապես արհեստական էր, պարզ էր ի սկզբանե: Չէ՞ որ Ադրբեջանում մուսուլմանների կրոնական ազատությունների սահմանափակումը, ավելի ճիշտ՝ իսլամական ապրելակերպի դուրսմղումը հանրային տարածքից, արդեն մի քանի տարի է, ինչ համակարգային բնույթ է կրում։ Եվ առավել «զարմանալի» է, որ Թուրքիան հենց հիմա որոշեց «ատամներ ցույց տալ» իր «եղբայրներին»։
Բայց փաստացի սրանում ոչ մի զարմանալի բան չկա։
Անկասկած, այս ամենի հետևում կանգնած է ոչ այնքան մուսուլմանների իրավունքները պաշտպանելու Անկարայի ձգտումը, որքան միանգամայն կոնկրետ քաղաքական հաշվարկ՝ իր տեղը ցույց տալ չափն անցած (թուրքական քաղաքական էլիտայի կարծիքով) Ադրբեջանին։
Եթե ավելի խորը նայենք, ակնհայտ է դառնում, որ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի, ինչպես նաև Իսրայելի, Պակիստանի և սիրիացի վարձկանների անմիջական աջակցությամբ կարողացավ զավթել հինավուրց հայկական Արցախը, իրավիճակը Հարավային Կովկասում փոխվեց ոչ միայն աշխարհաքաղաքական տեսանկյունից, այլև Անկարայի ու Բաքվի հարաբերություններում դերաբաշխման համատեքստում։
Ադրբեջանը, իրեն զգալով ուժեղ և ինքնուրույն խաղացող, որոշեց, որ այլևս չափազանց «սերտ» թուրքական խնամակալության կարիքը չունի: Ավելին, Բաքուն սկսեց ցուցադրաբար հակասել թուրքական քաղաքականությանը, այդ թվում՝ տարածաշրջանում Իսրայելի դերին առնչվող հարցերում։
Իրավիճակը երբեմն հասնում էր իսկական «թյուրքական աբսուրդի». օրինակ՝ հենց այն օրերին, երբ Իսրայելը Թուրքիային անվանում էր թշնամական պետություն, Ադրբեջանը Բաքվում ընդունում էր իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նրանց ընդգծված ջերմ ընդունելություն ցուցաբերելով։
Հասկանալի է, որ Թուրքիային խորապես միևնույն է Ադրբեջանի սիրախաղն Իսրայելի հետ, առավել ևս, որ մինչև վերջերս նման քաղաքականությունը լիովին ձեռնտու էր պաշտոնական Անկարային: Բայց ցանկացած քաղաքական խաղում վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ նախկին պայմանավորվածությունները դադարում են գործել: Եվ, ըստ ամենայնի, Թուրքիան այդ պահը տեսավ իրեն շահավետ լույսի ներքո։
Ադրբեջանն էլ իր հերթին չցանկացավ հաշտվել իրերի նման դրության հետ: Բաքվում, կարծես թե, իրենք իրենց ավելի ու ավելի շատ են ընկալում որպես հավասար գործընկեր և ձգտում են վերջնականապես դուրս գալ թուրք «ավագ եղբոր» ստվերից:
Բնականաբար, Անկարային դա դուր չեկավ: Արդյունքում թուրքական քաղաքական էլիտայի տարբեր մակարդակներում սկսեցին հնչել ոչ միայն կոշտ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին, այլև բառացիորեն չափն անցած «բարեկամին իր տեղը ցույց տալու» կոչեր:
Ի պատասխան՝ Ադրբեջանում աննախադեպ հակաթուրքական արշավ ծավալվեց։ Տասնյակ թուրք լրագրողների, հասարակական գործիչների և քաղաքական գործիչների մուտքը երկիր արգելվեց։ Ադրբեջանական կողմի պահանջով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ պաշտոնանկ արեց իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։ Ճիշտ է, ըստ թուրքական մամուլի տեղեկությունների, խոսքը կարող է լինել ոչ այնքան վերջնական ազատման, որքան մարտավարական կադրային մանևրի մասին. չի բացառվում, որ Սարալը շուտով ուրիշ բարձր պաշտոն ստանա։
Հատկանշական է, որ այս փուլում Թուրքիան որոշեց մի փոքր թուլացնել լարվածությունը։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ հակամարտությունը սպառված է։ Անկարան շարունակում է Ադրբեջանը դիտարկել որպես սեփական աշխարհաքաղաքական նախագիծ և, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել Բաքվին քաղաքական կախվածության սովորական շրջանակներ վերադարձնելու փորձերից:
Այս իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները իրական իրավահավասարության սկզբունքներով կառուցելու Ադրբեջանի ցանկացած փորձ դատապարտված է լուրջ դժվարությունների։ Անկարայի համար կատեգորիկ անընդունելի է Հարավային Կովկասում ևս մեկ ինքնուրույն ուժային կենտրոնի հայտնվելը, որը կարող է հավակնել սեփական տարածաշրջանային օրակարգին և մրցակցել թուրքական շահերի հետ։
Այնպես որ, կարծես թե այս պատմության գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են: Եվ եղբայրության մասին բարձրագոչ հայտարարությունների հետևում մենք, հնարավոր է, ականատես ենք լինում երեկվա դաշնակիցների միջև շատ ավելի լուրջ դիմակայության մեկնարկին։
