Եթե ԵԱՏՄ 4 երկրների հաշվարկը 50%-ով իրական է, ապագան կարող է ապոկալիպտիկ լինել․ Խաչատրյան

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ մեր երկրի տնտեսական աճը էապես կամ նույնիսկ բացառապես պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ապա մեզ սպառնացող ապագան իրոք կարող է ապոկալիպտիկ լինել։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին։
Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը։ Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության: Զեկույցում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։
Պատգամավորը նշեց՝ հաշվարկների ամբողջականությունը չի կարող ո՛չ փաստել, ո՛չ հերքել, որովհետև 4 կառավարություններ մայիսից հաշվարկներ են արել, մինչդեռ ինքը 24 ժամից էլ պակաս ժամանակ է ունեցել ուսումնասիրելու համար։
«Տնտեսական հաշվարկների ներքո կար հիմնականում քաղաքական ուղերձ՝ ինչ առավելություններից կզրկվի ՀՀ-ն, եթե այլևս ԵԱՏՄ անդամ չլինի։ Կրկնում եմ՝ եթե ԵԱՏՄ-ն հաշվարկել է, որ մեր ՀՆԱ անկումը կկազմի 17 տոկոս, նույնիսկ եթե դրա կեսը կազմի, դա բավականաչափ լուրջ խնդիր է։ Եթե մենք գազ ստանանք այդ գնով (69% ավելի թանկ), ապա այլընտրանքը ո՞րն է լինելու, եթե դա չառնես»,- ասաց «Հայաստան» Խաչատրյանը։
Նա ընդգծեց՝ այսօր Հայաստանի սպառման և ներմուծման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, եթե դու զրկվում ես այդ շուկաներից, կանգնում ես խնդրի առաջ։ Պատգամավորը համոզված է՝ մեր երկրի տնտեսական աճն էապես, եթե ոչ բացառապես պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։
«Ֆրանսիացին չի կարող Փարիզից թռնել Մոսկվա, գալիս է Երևան, այստեղից գնում է Մոսկվա։ Եթե նայեք, Հայաստանի արտահանումների մեջ բջջային հեռախոսներն առաջին տեղում է, 1 միլիարդի հեռախոս են ներմուծել, որից 800 միլիոնն արտահանել են։ Դրանից բացի գումարային խնդիրն էլ կա․ Ռուսաստանը Swift համակարգից կտրված է, փողը գալիս է Երևան, Երևանից գնում է։ Դա է բերել մեր պոտենցիալից բարձր տնտեսական աճի»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տարիների շարունակ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական ծանր, ռիսկային հանգույցի վրա, միշտ կարողացել է իր հարաբերությունները կառուցել բալանսավորված քաղաքականության վրա։
«Կարողացել է և՛-և՛ հարաբերություններ հաստատել՝ և՛ ԱՄՆ, և՛ միացյալ Եվրոպա, և՛ Ռուսաստան, և՛ Իրան, հիմա ինքն իրեն դրել է այն վիճակում, որ կա՛մ-կա՛մի խնդիր է առաջացել»,- նշեց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ տարբեր կենտրոնների շահերը համադրելու փոխարեն իշխանությունները երկիրը դարձնում են բախման թատերաբեմ։ Հիշեցրեց՝ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանն ամենամեծ հարվածները կրել է, երբ գերտերությունները կռվել են մեր տարածքում։
«Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց դա անել։ Այսօր գերտերությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները կռվում են ՀՀ տարածքում՝ ոչ Հայաստանի համար, այլ իրենց հարցերն են այստեղ լուծում, մենք կարող ենք ուղղակի ոտնատակ ընկնել»,- նշեց Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց դա անել։ Այսօր գերտերությունները, աշխարհաքաղաքական կենտրոնները կռվում են ՀՀ տարածքում՝ ոչ Հայաստանի համար, այլ իրենց հարցերն են այստեղ լուծում, մենք կարող ենք ուղղակի ոտնատակ ընկնել»,- նշեց Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։
Այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: