Ինչ հետևանքներ կառաջացնի ԵԱՏՄ անդամակցության կասեցումը ՀՀ–ի համար. 4 երկրների զեկույցը
15:16 20.10.2026 (Թարմացված է: 15:41 20.10.2026)

© Photo : official site of the Prime Minister of RA
Բաժանորդագրվել
Զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը կհանգեցնեն Հայաստանի տնտեսական ցուցանիշների վատթարացման և տարբեր իրավական ռեժիմների միջև հակասությունների առաջացման: Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում:
Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության:
«Միության անդամակցության պահպանմամբ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալը, ինչպես նաև արդեն իսկ ստանձնած վերազգային պարտավորություններից տարբերվող իրավական ռեժիմի ներդրումը, անխուսափելիորեն հանգեցնում են անլուծելի իրավական հակասությունների և հնարավոր չեն ինչպես իրավական, այնպես էլ գործնական տեսանկյունից», - ասված է զեկույցում:
Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։
Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի, ՀՀ–ում արտադրված ապրանքների արտահանումը կնվազի 30-50%–ով (վերարտահանումը՝ ավելի քան 90%-ով), ներմուծումը կկրճատվի երկու անգամ։
ԵԱՏՄ անդամակցության կասեցումը կհանգեցնի նաև`
երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման,
էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը,
պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման,
ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները,
15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն,
կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները,
կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը,
կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։
Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջների կատարումը Հայաստանի կողմից նշանակում է Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորությունների խախտում։ Միաժամանակ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամներին չի տեղեկացնում իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու աշխատանքների մասին։
Եվրասիական միջկառավարական խորհրդի այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։
2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: