Խամենեին և նրա հայ ընկերը. Երևանում ներկայացվեցին ԻԻՀ գերագույն առաջնորդի բանտային հուշերը

© Sputnik
Բաժանորդագրվել
Խամենեիի հուշերի հերոսներից մեկը ազգությամբ հայ Գագիկ Ավանեսյանն է, որի հետ նա ծանոթացել է բանտում։ Գրքի թարգմանիչը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչպես է սկիզբ առել նրանց ընկերությունը, ինչու է հայերեն հրատարակության համար ընտրվել «Արյունը, որ դարձավ ռուբին» վերնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի բանտային հուշերի հայերեն թարգմանությունը՝ «Արյունը, որ դարձավ ռուբին» խորագրով։ Գրքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա ընկերության պատմությունը ազգությամբ հայ Գագիկ Ավանեսյանի հետ, որն իրանական կոմունիստական «Թուդե» կուսակցության գործիչներից էր։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց գրքի թարգմանիչ, իրանագետ Մարիամ Զազյանը։ Շնորհանդեսը կայացավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում։

«Արյունը, որ դարձավ ռուբին» գրքի շնորհանդես
© Sputnik
Զազյանի խոսքով՝ Խամենեին Ավանեսյանի հետ ծանոթացել է 1968 թվականին բանտում։ Ռամադանի ընթացքում բանտարկյալներն ընդհանուր հավաքներ էին կազմակերպում։ Սկզբում Խամենեին առանձին էր պահվում, բայց մի քանի օր անց նրան թույլատրում են միանալ մյուսներին։
Ավանեսյանը մասնակցում էր այդ հանդիպումներին և փաստացի դրանց ոչ պաշտոնական կազմակերպիչն էր։ Իր հուշերում Խամենեին նշում է, որ նա առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում մաքրությանն ու կարգուկանոնին. նրա խուցը միշտ ամենամաքուրն էր։
«Մի անգամ Ավանեսյանը Խամենեիին առաջարկել է, որ ինքը վճարի հերթական հավաքի ծախսերը։ Եվ աստիճանաբար նրանց միջև ընկերություն է ձևավորվել»,- պատմեց Զազյանը։
Հայտնի չէ` արդյոք շարունակվել է նրանց շփումն ազատ արձակվելուց հետո, սակայն, Զազյանի խոսքով, Խամենեին հետագայում բազմիցս հիշել է Ավանեսյանին Իրանում հայ ընտանիքների հետ հանդիպումների ժամանակ։

Մարիամ Զազյան
© Sputnik
Թարգմանիչն առանձին պատմեց նաև «Արյունը, որ դարձավ ռուբին» գրքի վերնագրի մասին։ Նրա խոսքով՝ ստեղծագործությունն արդեն թարգմանվել է 25 լեզվով, այդ թվում՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, չինարեն, ռուսերեն։
«Հայերեն թարգմանելիս մենք փորձել ենք հավատարիմ մնալ բնօրինակ վերնագրին։ Սակայն բառացի թարգմանությունն այնքան էլ հասկանալի չէր լինի հայ ընթերցողին։ Բացի այդ, գիրքը հրատարակվել է արդեն որոշակի իրադարձություններից հետո, ուստի մենք որոշեցինք օգտագործել «ռուբին» բառը։ Ինչո՞ւ հենց ռուբին, ոչ թե շափյուղա։ Մենք ընտրեցինք միջազգային բառը, որը հասկանալի կլինի բոլորին»,- պարզաբանեց Զազյանը։
Թարգմանության գաղափարը, նրա խոսքով, ծնվել է Հայաստանում Իրանի դեսպանությանը կից Մշակույթի կենտրոն այցելելուց հետո։ Մշակույթի հարցերով կցորդը նվիրել է գիրքը և առաջարկել է կարդալ լեզվական հմտությունները կատարելագործելու համար։ Ավելի ուշ նրան առաջարկել են գիրքը թարգմանել հայերեն։ Զազյանն ընդգծեց, որ ի սկզբանե այս աշխատանքն ընդունել է մեծ պատասխանատվությամբ։
Հայաստանում Իրանի դեսպանությանը կից Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը Sputnik Արմենիային հայտնեց, որ թարգմանական աշխատանքը տևել է ինը ամիս։

Մոհամմադ Ասադի Մովահեդ
© Sputnik
«Գիրքը ևս մեկ ներդրում է մեր համագործակցության մեջ։ Այն թույլ կտա ավելի լավ ծանոթանալ գերագույն առաջնորդի կենսագրությանը։ Հուսով եմ, որ սա քայլ կդառնա դեպի նոր թարգմանություններ»,- ասաց նա։
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալին։ Նա նշեց, որ գիրքը պետք է դիտարկել ոչ միայն որպես քաղաքական և հոգևոր առաջնորդի պատմություն, այլև որպես պատմություն մաշհադցի մի երիտասարդի մասին, որը մեծացել է հոգևորականի համեստ ընտանիքում և տարված է եղել ընթերցանությամբ, պոեզիայով ու գրականությամբ։
Նախարարը նաև ուշադրություն հրավիրեց անկեղծության, տոկունության և համոզմունքներին հավատարիմ մնալու թեմաներին։ Նա ընդգծեց, որ կյանքի փորձությունների իմաստը որոշվում է ոչ թե բուն տառապանքով, այլ այն նպատակով, որի համար մարդը գործում է, և նրանով, թե ինչպես է նա դիմավորում դժվարությունները։

Ահմադ Դոնիամալի
© Sputnik
Խոսելով Խամենեիի քաղաքական հայացքների մասին՝ Դոնիամալին նշեց, որ նա միջազգային հարաբերությունները դիտարկում էր ոչ միայն որպես պետությունների միջև կապերի համակարգ, այլև որպես անկախության, ինքնության և արդարության համար պայքարի հարթակ։
Նախարարը հույս հայտնեց, որ գրքի շնորհանդեսը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև մշակութային և կրթական կապերի խորացմանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունը կարող է զարգանալ համալսարանական փոխանակումների, մշակութային նախագծերի, սպորտային կապերի և երիտասարդների միջև շփումների միջոցով։
Ելույթ ունեցավ նաև Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ գիրքը ոչ միայն կենսագրական պատում է, այլև կարևոր պատմական ժամանակաշրջանի վկայություն։ Գրքում պատմվում է այն դժվարությունների, փորձությունների, բանտարկության և պայքարի մասին, որոնք նախորդել են Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակին։
Դիվանագետը հատուկ ուշադրություն դարձրեց գրքի գլխավոր ուղերձներից մեկին՝ հույս, սեր և փորձությունների առջև տոկունություն։
«Նույնիսկ երբ խոսքը ցավի, տառապանքի, բանտարկության և ծանր փորձությունների մասին է, գլխավորն ու որոշիչը մնում է հույսը»,- նշեց Շիրղոլամին։

Խալիլ Շիրղոլամի
© Sputnik
Հիշեցնենք` Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվեց փետրվարի 28-ին իսրայելա-ամերիկյան ավիահարվածների հետևանքով։
