Իսկ ինչե՞ր են կատարվում այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա. մասնագետը` դպրոցում բռնության մասին

© Sputnik / Алексей Мальгавко
/ Բաժանորդագրվել
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ դպրոցում տեղի ունեցած բռնության շատ դեպքերում, երբ նույնիսկ ծնողները հաղորդում էին ներկայացնում, երեխայի նկատմամբ բռնության փաստը հնարավոր չէր լինում ապացուցել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Վարդաձորի դպրոցում անգամ տեսախցիկի առկայությունը չի զսպել ուսուցչին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
«Այստեղից ես ընդամենը կարող եմ ենթադրել, թե ինչեր են կատարվել այն ժամանակ, երբ որ այդ տեսախցիկը չկար կամ ինչեր են կատարվում այն վայրերում, որոնք տեսախցիկների հսկողությունից դուրս են»,– իր մտահոգությունն է հայտնում մասնագետը։
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով։ Ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։
Դեպքի առիթով Թումասյանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 1–ից ուժի մեջ է մտել ԿԳՄՍ նախարարի հրամանը`կրթական հաստատություններում անվտանգության նկատառումներով տեսախցիկներ տեղադրելու մասին։
«Այդ հրամանի նպատակներից մեկը հենց նման դեպքերի կանխումն ու բացահայտումն է։ Այս պահին մենք արդեն տեսանք, որ առնվազն 1 դեպք բացահայտվեց, հանրայնացվեց և, տրամաբանական է, որ կլինեն նաև քրեաիրավական հետևանքներ։ Բայց այստեղ շատ ավելի կարևոր է, որ կանխարգելիչ քայլերը լինեն անհամեմատ ավելի շատ, և պետությունը, ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, հետևողական լինի ակնկալվող արդյունքը ստանալու հարցում»,– նշում է Թումասյանը։
Իրավաբանն արձանագրում է, որ նախկինում գրանցված շատ դեպքերում, երբ նույնիսկ ծնողները հաղորդում էին ներկայացնում, վարույթ էր նախաձեռնվում, բայց երեխայի նկատմամբ բռնության փաստը հնարավոր չէր լինում ապացուցել։
«Որովհետև դա տեղի էր ունեցել միջանցքում, որտեղ միայն ուսուցիչն ու աշակերտն են եղել, կամ եղել են նաև այլ աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք ցուցմունքներում նշել են, որ ոչինչ չեն տեսել, կամ ասել են, որ նման բան առհասարակ տեղի չի ունեցել։ Արդյունքում` ընտանիքը` բռնության ենթարկված երեխայի հետ, մնում էր միայնակ և առանց որևիցե պաշտպանության»,– ասում է իրավաբանը` հավելելով, որ տեսախցիկների առկայությունը հնարավորություն կտա ստեղծել ապացուցահեն մոտեցում նման վարույթների համար։
Բռնության հարավոր դեպքերում Թումասյանը կարևորում է հրատապ ահազանգումը, քանի դեռ տեսանյութը բազայից չի ջնջվել։
Ինչ վերաբերում է աշակերտի նկատմամբ դաստիարակչական մեթոդների կիրառմանը, մեր զրուցակիցը նշում է, որ, եթե նախկինում դրանց թույլատելիության հարցը քննարկվում էր բացառապես տեսական մակարդակով, ապա 2025 թ.–ին ընդունված «Երեխաների իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքով արդեն հստակ ամրագրել է, որ պատժիչ մոտեցումները, ֆիզիկական, մարմնական պատիժը որպես դաստիարակչական մեթոդ կիրառելը արգելվում է։ Դրանց կիրառումը հանդիսանում է բռնության տեսակ, որն անընդունելի է։
«Պետք է գնալ ավելի շատ բացատրական աշխատանքների կատարման` երեխայի գիտակցության վրա ազդեցություն ունենալով, այլ ոչ թե բռնություն գործադրելով։ Եթե ուսուցիչը` որպես արդարացում, ասում է. «10 անգամ նույն բանը ասում եմ, աշակերտը ինձ չի լսում», դա ոչ թե աշակերտի խնդիրն է, այլ ուսուցչի, նշանակում է՝ ուսուցիչը պետք է ոչ թե ուղղակի ասի, այլ բացատրի պատճառը, թե ինչու չպետք է դա անելի, ինչով է այդ արգելքը պայմանավորված։ Երբ երեխան կհասկանա, ինքը կդադարի այդ գործողությունը կատարել»,– կարծում է մասնագետը։
Դաստիարակչական մեթոդներից ամենատարածվածը ոչ վաղ անցյալում, թերևս, անկյուն կանգնեցնելն էր, որը նաև համարվում էր առավել հումանիստական պատիժ։ Ուստի Թումասյանից հետաքրքրվեցինք` հիմա թույլատրվո՞ւմ է երեխային անկյուն կանգնեցնել։
«Անկյուն կանգնեցնելը շատ վաղուց արդեն պրակտիկայում մեծամասամբ չի կիրառվում։ Կատակի վերածելով ասեմ, որ դա պատի անկյունի պաստառները վնասելու առիթ է դառնում, և ծնողները մտածում են, որ երեխան ավելի շատ գույքային վնաս է պատճառում, քան այդ մեթոդը արդյունք է տալիս։ Իսկ եթե լուրջ, ապա դա երբեք արդյունավետ չի եղել, հակառակը, երեխան սկսում է չարանալ այն անձի վրա, ով իրեն անկյուն է կանգնեցրել, կամ այն երեխայի վրա, ում պատճառով իրեն անկյուն են կանգնեցրել։ Այդ ագրեսիան հետո բերելու է նոր կոնֆլիկտների և բախումների»,– ասում է Թումասյանը։
Անկյուն կանգնեցնելը ինքնին անձի ազատության սահմանափակում է, ուստի երբեք օրենքով թույլատրելի լինել չի կարող, եզրափակեց նա։
Հավելենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։