ՀՀ բուհերի միջազգային վարկանիշները բարելավելը չպետք է ինքնանպատակ լինի. Սերոբ Խաչատրյան

© Sputnik / Mikhail Chernyakhovsky
Բաժանորդագրվել
Համալսարանների միջազգային դասակարգումների շարքում մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես QS World University Rankings և Shanghai Ranking վարկանիշներին, որոնք կարևորում են նաև գիտահետազոտական բաղադրիչը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի բուհերի համար միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքերը բարելավելը չպետք է ինքնանպատակ լինի․ շատ ավելի կարևոր է, որ դրանք կարողանան նպաստել երկրի տնտեսական, սոցիալական և կրթական խնդիրների լուծմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով Times Higher Education-ի 2027 թվականի համաշխարհային վարկանիշին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Times Higher Education-ը հրապարակել է World University Rankings 2027 համաշխարհային վարկանիշը, որում Հայաստանից ընդգրկվել է ընդամենը 1 բուհ՝ Երևանի պետական համալսարանը, այն էլ՝ 2001+ խմբում։
Խաչատրյանը շեշտեց, որ ՀՀ բուհական համակարգը ոչ միջազգային չափանիշներով է մրցունակ, ոչ էլ բավարար չափով սպասարկում է երկրի ներքին սոցիալ-տնտեսական և կրթական խնդիրները։ Նրա խոսքով՝ համալսարանների միջազգային դասակարգումների շարքում մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես QS World University Rankings և Shanghai Ranking վարկանիշներին, որոնք կարևորում են նաև գիտահետազոտական բաղադրիչը։
Նա հիշեցրեց, որ QS-ի վարկանիշում Հայաստանից ներկայացված է միայն Երևանի պետական համալսարանը, այն էլ՝ ոչ առաջատար դիրքերում։ Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ երկրներ միջազգային վարկանիշներում իրենց բուհերի դիրքերը բարելավելու համար գործակցում են հենց վարկանիշավորող կառույցների խորհրդատվական ստորաբաժանումների հետ։
«Կոնկրետ Ադրբեջանի մասով ասեմ, որ նրանք 2021 թվականին պայմանագիր կնքեցին QS-ի խորհրդատվական ընկերության հետ, և հինգ տարի խորհրդատվություն ստացան։ Այդ խորհրդատվության շնորհիվ բավական բարելավեցին իրենց համալսարանների դիրքերը։ Նույն բանն ավելի վաղ արել էր Ռուսաստանը։ Հիմա մերոնք էլ են պայմանագիր կնքել QS-ի հետ, և կարելի է ասել, որ առաջիկա տարիներին առնվազն QS-ով մեր բուհերի վարկանիշը կբարձրանա»,- ասաց Խաչատրյանը։
Նա այս մեխանիզմը համեմատեց կրկնուսույցի մոտ պարապելու հետ։
«Օգնում են, մի քիչ կրկնուսույցի պես բան է դառնում, որպեսզի QS-ի դասակարգմամբ բարձր տեղ գրավես, գնում ես իրենց մոտ պարապելու կամ խորհրդատվություն ստանալու»,– ասաց փորձագետը։
Խաչատրյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն առանձին վարկանիշային աղյուսակներում Հայաստանի բուհերի զբաղեցրած տեղերը չեն։
«Երբ նայում ենք միջազգային զեկույցները, մեր դիրքերն այդքան էլ լավը չեն։ Օրինակ՝ ֆինանսավորմամբ մոտավորապես 90-րդ տեղում ենք, բուհերի շրջանավարտների որակով՝ 130-րդ։ Մեր ցուցիչները միջազգային մակարդակում բավական ցածր են»,- նշեց նա։
Նա միաժամանակ ընդունեց, որ միջազգային վարկանիշները ևս կարևոր են, քանի որ դրանց հետևում են ինչպես ակադեմիական շրջանակները, այնպես էլ միջազգային հանրությունը։
Փորձագետը Հայաստանի խնդիրներից մեկն էլ համարեց այն, որ երկրի առաջընթացը հաճախ գնահատվում է սեփական նախկին ցուցանիշների, այլ ոչ թե այլ պետությունների զարգացման տեմպերի համեմատությամբ։
«Մենք միշտ մեզ համեմատում ենք մեր անցյալի հետ՝ ասում ենք՝ առաջ այսքան հոդված էինք տպում, հիմա՝ այսքան, և մեզ համար դա առաջընթաց է։ Բայց երբ համեմատվում ենք միջազգային ցուցիչներով, այլ պետությունների հետ, նկատում ենք, որ հատկապես ասիական երկրների առաջընթացը շատ ավելի մեծ է»,- շարունակեց Խաչատրյանը։
Փորձագետը որպես օրինակ բերեց Չինաստանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը մեծ ներդրումներ է կատարել համալսարանական համակարգում և տարիների ընթացքում էապես ուժեղացրել իր բուհերի միջազգային դիրքերը։
Կրթության փորձագետի խոսքով՝ Հայաստանի բուհական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օղակում փոփոխություններ կատարելով։
«Բոլոր օղակներն էլ պիտի կարգավորվեն, որովհետև ճիշտ չի լինի մեղքը մեկը մյուսի վրա գցել։ Իհարկե, բուհերի շատ խնդիրներ գալիս են դպրոցներից․ դպրոցում կուտակված խնդիրները գալիս են բուհ, և դրանց մի մասը բուհն արդեն չի կարողանում լուծել, որովհետև ուշացած է լինում»,- ասաց նա։
Միաժամանակ, նրա խոսքով, բուհերը չեն կարող պարզապես սպասել, մինչև դպրոցներն ավելի պատրաստված շրջանավարտներ տան, քանի որ հենց համալսարաններն են պատրաստում նաև ապագա ուսուցիչներին։
«Դպրոցն իր հերթին ասում է՝ դուք էլ մեզ լավ ուսուցիչ չեք տալիս։ Դա արատավոր շրջան է, և շղթայի բոլոր օղակները պիտի զուգահեռ բարելավվեն»,- ընդգծեց Խաչատրյանը։
Անդրադառնալով վերջին տարիներին գիտության ֆինանսավորման ավելացմանը և դրա արդյունքների վերաբերյալ հարցերին՝ Խաչատրյանը նշեց, որ գիտության մեջ ներդրումների արդյունքը հնարավոր չէ գնահատել կարճաժամկետ տրամաբանությամբ։
«Եթե գիտության ֆինանսավորումը բարձրացնում եք, դա չի նշանակում, որ չորս-հինգ տարի հետո որակապես այլ գիտություն եք ունենալու։ Գիտության մեջ պետք է մեծ միջոցներ ներդնես, որոնց մի մասը ժամանակի ընթացքում կարող է արդյունք ապահովել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Փորձագետի խոսքով՝ գիտական ծրագրերի ֆինանսավորումն իր բնույթով ռիսկային է, և նույնիսկ տարիներ շարունակ ֆինանսավորված հետազոտությունը կարող է ակնկալվող արդյունքը չտալ։
«Եթե գիտությանը մոտենանք կահույքի արտադրության տրամաբանությամբ՝ «փողը տվել ենք, ո՞ւր է մեր կահույքը», գիտությունն այդպես չի աշխատում։ Կարող է գումարը տաս և տարիներով ոչինչ չստանաս, կամ էլ հիսուն տարի անց մեծ արդյունք տեսնես»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ պետությունը մի կողմից պետք է վերահսկի, որպեսզի գիտությանը հատկացվող միջոցներն անարդյունավետ չծախսվեն, մյուս կողմից ընդունի, որ այդ ներդրումների զգալի մասը կարող է արագ և տեսանելի արդյունք չապահովել։