Իշխանությունը կրակում է իր ոտքին. փորձագետը՝ ՌԴ–ի հետ գյուղոլորտի կապերի վատացման մասին
14:40 29.09.2026 (Թարմացված է: 14:42 29.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Նախկին պաշտոնյան համոզված է` գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամն այնքան կշարունակվի, քանի դեռ չեն լուծվել կառավարման, մասնագետների, վերահսկման և այլ խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գյուղատնտեսության անկումը տարվա կտրվածքով շատ ավելի մեծ է լինելու, քան այսօրվա ցածր ցուցանիշն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կանխատեսումն արեց գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Հուլիսին ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, ինչը վերջին տարիների ամենախոշոր նվազումներից է։ Մեկ ամիս անց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ 2026 թ. 2–րդ եռամսյակում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում։
Ըստ նախկին պաշտոնյայի` բոլոր խնդիրների պատճառը ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտությունն է, ճիշտ պլանավորում չանելը և նախկին սխալների վրա չսովորելը։
«Օրինակ` ինտենսիվ այգիների ծրագիրը, որը խախտեց շուկայի ամբողջ բալանսը. առանց պլանավորման, առանց ակնկալվող բերքի քանակը պլանավորելու` պետական միջոցները անխնա վատնելու ծրագիր էր սա։ Մեծ քանակով այգիներ հիմնեցին, որոնք ավելի շատ մեծահարուստների, քան սովորական գյուղացու համար էր»,– նշեց Հարությունյանը։
Նախկին պաշտոնյան համոզված է, որ գյուղատնտեսության ոլորտում ճգնաժամն այնքան կշարունակվի, քանի դեռ ունենք կառավարման, մասնագետների, ագրոնոմների, բյուջեի ճիշտ վերաբաշխումների և վերահսկման խնդիր, այդ թվում` Ազգային ժողովի կողմից։
«Կան դեղնակտուցներ, որոնք «Գուգլից», առանց տեղայնացնելու, դեսից–դենից լսելով, առանց հողի վրա կանգնելու, Հռոմի պապից ավելի կաթոլիկ իրենց ցույց տալով` ինչ–որ պետական ծրագրեր են իրականացնում, իսկ փորձառուները լռում են, քանի որ իրենց ասածները «ձայն բարբառոյ յանապատի» են։ Պետական այրերին օպոնենտություն չկա, մեկը չկա, որ կառավարության նիստի ժամանակ ձեռք բարձրացնի ու ասի` դեմ եմ այդ նախագծին։ Եթե գյուղատնտեսական ծրագիրն ինքնին սխալ է, ապա վերախմբավորման պետք է ուղարկվի»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է խաղողի մթերումներին, ապա, ըստ Հարությունյանի, տնտեսվարողների հետ պայմանագրերը պետք է լինեն երկարաժամկետ, իսկ սուբսիդիաները պետք է լինեն հաշվետվողական։
«Մինչդեռ չկա ոչ մի վերլուծություն նախորդ տարվա սխալի մասին, որ խնդիրը խրոնիկ բնույթ չկրի։ Պետությունն ասում է` նախորդ տարի խաղողի արտադրությունը կազմել է 244 հազար տոննա…Ես այդ թվին չեմ հավատում, քանի որ մինչ այդ միշտ խոսվել է 196 հազար տոննայի մասին, մանավանդ այգիներ կան, որոնք բերք այլևս չեն տալիս, իսկ նոր հիմնված այգիներ առանձնապես չկան»,– ասաց նա։
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետի խոսքով` կառավարությունը ոչ մի քննարկում, հաշվարկ կամ մոնիտորինգ չի արել մթերող գործարանների հետ` հասկանալու համար այս տարվա գարնանից սկսված արտահանման սահմանափակումներն ինչ խնդիրներ են ստեղծել նրանց համար, ինչ ռեզերվ ունեն, որքան են մթերելու, որ արտահանման այդ խնդրի տակից կարողանան դուրս գան։
«Այսօր մենք սեղանի սորտերի խաղողի գերհասունացում ունենք, որոնք չեն քաղվում, քանի որ իրացման շուկան փոքրացել է արտահանման սահմանափակումների հետևանքով։ Լոլիկի, պղպեղի այլ բանջարեղենների ցանքատարածքներն էլ տարեցտարի պակասում են։ Եթե այս տարի ծիրանի բերքն էլ առատ լիներ, ապա դա էլ իր հերթին աղետալի հետևանքներ կունենար գյուղատնտեսության համար»,– ասաց Հարությունյանը։
Նախկին պաշտոնյան ընդգծեց` ինքն անընդհատ խոսել է այն մասին, որ այս իշխանությունը չպետք է վատթարացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դա բերելու է շուկայի լուրջ խնդիրների։
«Ես ասել եմ` իշխանության քաղաքականությունը տանում է սեփական ոտքին կրակելու ուղղությամբ, օրերից մի օր ուղտը չոքելու է նրա դռանը, որի ականատեսը եղանք արդեն այս տարի։ Ով ինչ ուզում է ասի` մատչելի լոգիստիկայի ու իրացման մեծ քանակության առումով ռուսական շուկային փոխարինող չունենք տարածաշրջանում։ Ունեցեք այլընտրանքային տարբերակներ, թող տնտեսությունը երկու կողմից էլ զարգանա, պահեք բարիդրացիական հարաբերություններ ԵՄ–ի հետ. այն ընկերությունները, որոնք կարող են եվրոպական ստանդարտներով արտահանում իրականացնել, կանաչ ճանապարհ իրենց, իսկ այն ընկերությունները, որոնք սովոր են պարզ ընթացակարգով առևտրին, թող արտահանեն ՌԴ։ Այս ամենը հասկանալու համար պետք չէ բարդ ակադեմիական կրթություն ունենալ կամ You speak Еnglish»,– նշեց նա։
Հարությունյանի համոզմամբ` այսօր ներքևի օղակից մինչև վերև ու հակառակ ուղղությամբ օպերատիվ կապ գոյություն չունի, որպեսզի հնարավոր լինի ունենալ ընդհանուր արդյունք։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։