Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած Արտակ Ավետիսյանն արդարացվել է. փաստաբան
12:02 22.09.2026 (Թարմացված է: 12:21 22.09.2026)

© Photo : Social media of Ruben Melikyan
Բաժանորդագրվել
Արտակ Ավետիսյանը կալանավորվել էր ատելության խոսքի հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանն արդարացվել է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,– գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք` մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման ենթարկեցին։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը կալանավորվել է ատելության խոսքի հոդվածով։ Ավելի ուշ նրան վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվեց, ու ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվեց խուլիգանության մեղադրանք։ Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից, նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։