Ինդոնեզիան կզրոյացնի հայկական հանքային ջրերի, պահածոների և հյութերի մաքսատուրքերը

© Sputnik / Максим Блинов
/ Բաժանորդագրվել
Արտոնություններ են նախատեսվում նաև արդյունաբերական ապրանքների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Ինդոնեզիա արտահանվող մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կզրոյացվեն կամ աստիճանաբար կնվազեցվեն։ ԱԺ–ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը։
Ըստ նախագծի` արտոնությունները վերաբերում են հայկական հանքային ջրերին, պահածոյացված մրգերին ու բանջարեղենին, մրգային հյութերին, պղնձե արտադրանքին, դեղամիջոցներին և ոսկերչական իրերին։
Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմի առաջարկներում հիմնականում ներառվել են Հայաստանի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ներկայացնող ապրանքները։
Մասնավորապես, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հանքային ջրերի գործող 5% մաքսատուրքը կդառնա 0%։ Պահածոյացված մրգերի և բանջարեղենի դեպքում ներկայիս 20% մաքսատուրքը նույնպես կզրոյացվի, իսկ մրգային հյութերի համար գործող 5%-ը կնվազի մինչև 0%։
Ջեմերի դեպքում ներկայում կիրառվող 5% մաքսատուրքը համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կնվազի 50%-ով։
Արտոնություններ են նախատեսվում նաև արդյունաբերական ապրանքների համար։ Պղնձե արտադրանքի նկատմամբ գործող 5% մաքսատուրքը, կախված ապրանքատեսակից, կա՛մ անմիջապես կզրոյացվի, կա՛մ երեք տարվա ընթացքում աստիճանաբար կհասնի 0%-ի։
Դեղամիջոցների դեպքում գործող 5% մաքսատուրքը որոշ ապրանքների համար անմիջապես կզրոյացվի, իսկ առանձին տեսակների դեպքում 3–15 տարվա ընթացքում կզրոյացվի։
Ոսկերչական իրերի համար ներկայում գործող մաքսատուրքը 15% է։ Համաձայնագրով նախատեսվում է առանձին ապրանքատեսակների դեպքում մաքսատուրքը 5–15 տարվա ընթացքում հասցնել 0%-ի։
Ոսկերչական իրերի համար ներկայում գործող մաքսատուրքը 15% է։ Համաձայնագրով նախատեսվում է առանձին ապրանքատեսակների դեպքում մաքսատուրքը 5–15 տարվա ընթացքում հասցնել 0%-ի։
Համաձայնագիրը նախատեսում է նաև սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցում, մաքսային ընթացակարգերի պարզեցում և համագործակցություն սանիտարական ու բուսասանիտարական միջոցների, տեխնիկական կարգավորման, էլեկտրոնային առևտրի, մտավոր սեփականության և մրցակցության ոլորտներում։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, ավելացնել արտահանումը և ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը։
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների մրցունակությունն ինդոնեզական շուկայում, ավելացնել արտահանումը և ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում։