Ռուսական գազի թանկացման հետևանքները ՀՀ տնտեսության համար ծանր կլինեն. տնտեսագետ

© Sputnik / Александр Кряжев
/ Բաժանորդագրվել
ՀՀ սահմանին և սպառողներին մատակարարվող գազի գների տարբերությունը, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիմնավորում է շահագործման, պահպանման ծախսերով և 5 տոկոս կորուստների հաշվարկով։
ԵՐԵՎԱՆ, 12սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանից մատակարարվող գազի հնարավոր թանկացման հետևանքները Հայաստանի տնտեսության համար բավական ծանր կլինեն. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի հնարավոր թանկացման մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում գազն էժան չէ։ Նրա խոսքով` սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին ՀՀ–ում ամենամեծ հավելավճարն է ավելանում` համեմատած այլ երկրների հետ։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ անկախ ՌԴ-ից եկող գազի սակագների հնարավոր փոփոխությունից, ՀՀ-ն շարունակելու է դիվերսիֆիկացիայի ճանապարհը։
«Գազի գնի թանկացումը կամ բորսայական գնին մոտեցումը կարող է էական ազդեցություն թողել Հայաստանում արտադրվող, մատուցող բոլոր ապրանքների, ծառայությունների գների վրա»,– նշում է տնտեսագետը։
Փաշինյանի հայտարարությունը Սուրեն Պարսյանն ընկալում է, որպես ազդակ Արևմուտքին, որ ռուսական գազից հրաժարվելը որոշակի գին ունի։ Նրա խոսքով` այսօրինակ հայտարարություններով ՀՀ վարչապետը փորձում է գազի թանկացման հարցը փոխհատուցել արտաքին ֆինանսավորման միջոցով։
Անդրադառնալով գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու հարցին` տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստանն անկախացման տարիներից ի վեր գազ ներկրել է հիմնականում Ռուսաստանից։ Որոշ ծավալով, բարտերային եղանակով կարողացել է գազ ներկրել նաև Թուրքմենստանից, բայց դարձյալ Ռուսաստանի միջոցով։ Իրավիճակը որոշ չափով փոխվել է 2009 թ.–ից, երբ Հայաստանը սկսել է գազ ներկրել Իրանից` Իրան–Հայաստան գազամուղով։ Բայց միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանն իրանական գազի դիմաց վճարում է ոչ թե գումարով, այլ էլեկտրաէներգիայով։
Պարսյանի հաշվարկով` իրանական գազի 1000 խմ–ը էլեկտրաէներգիայի գործող սակագներով հաշվարկելու դեպքում կազմում է 250 դոլար` ռուսականի 177 դոլարի դիմաց։
Իրանից ներկրվող գազն այսօր ՀՀ ներմուծվող բնական գազի միայն 15-17 %–ն է կազմում, բայց հնարավորություն կա ներկրումն ավելացնելու մինչև 2 միլիարդ խմ։
Պարսյանը նաև նկատում է, որ Հայաստանը գազ հիմնականում ներկրել և ներկրում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, որի շնորհիվ գազի գինը սահմանին տարիներ շարունակ մնում է կայուն։ Իսկ, օրինակ, նույն եվրոպական երկրները ձեռք են բերում բորսայական եղանակով, ինչն էլ պարբերաբար գնային տատանումների պատճառ է դառնում։
Իրանից ներկրվող գազն այսօր ՀՀ ներմուծվող բնական գազի միայն 15-17 %–ն է կազմում, բայց հնարավորություն կա ներկրումն ավելացնելու մինչև 2 միլիարդ խմ։
Պարսյանը նաև նկատում է, որ Հայաստանը գազ հիմնականում ներկրել և ներկրում է երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, որի շնորհիվ գազի գինը սահմանին տարիներ շարունակ մնում է կայուն։ Իսկ, օրինակ, նույն եվրոպական երկրները ձեռք են բերում բորսայական եղանակով, ինչն էլ պարբերաբար գնային տատանումների պատճառ է դառնում։
«Գազի գինը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ չի որոշվել։ Ներկայումս քննարկվում է այդ տրամաբանությունը, որ եթե մենք ԵԱՏՄ–ից դուրս գանք, ուրեմն գազի գինն էլ ավտոմատ պետք է վերանայվի։ Մենք նախկինում էլ ԵԱՏՄ–ի անդամ չենք եղել, բայց ռուսական կողմի հետ ունեցել ենք երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր, որը շահավետ է եղել, երկկողմանի շահավետ»,– մեկնաբանում է Պարսյանը։
Ինչ վերաբերում է սահմանին և սպառողներին մատակարարվող գազի գնի տարբերությանը, տնտեսագետն այն հիմնավորում է շահագործման և պահպանման ծախսերով։
«Պետք է նշեմ, որ Հայաստանի պարագայում գազի գինը մինչև սպառողին հասնելը զգալի աճ է ունենում։ Եթե 1000 խմ–ի հաշվով սահմանի վրա վճարում ենք 177 դոլար, ապա սպառողը վճարում է 1000 խորանարդ մետրի համար մոտավորապես 400 դոլար։ Դա, անշուշտ, շահագործման, պահպանման ծախսերն են, կորուստ կա հաշվարկված 5 տոկոսի չափով և այլն։ Դրա հետևանքով կրկնակի թանկանում է»,– ասում է Պարսյանը։
Գազի թանկացման պատճառներից մեկն էլ, նրա խոսքով, Հայաստանի գազամատակարարման համակարգի «տուպիկային» լինելն է, այսինքն` տարանցման հնարավորություն չունենալը։
Օրինակ` Վրաստանը ռուսական կամ ադրբեջանական գազի տարանցման շնորհիվ 10 տոկոսի չափով խնայողություն է ունենում և այդ չափով սուբսիդավորում իր ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: