Ի՞նչ նպատակով է ՀՀ ԶՈւ-ն բերվում ՆԱՏՕ–ի ստանդարտներին. փորձագետի կարծիքը
12:13 10.09.2026 (Թարմացված է: 12:15 10.09.2026)

© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Ռազմական հարցերով փորձագետի համոզմամբ` ՀՀ «ՆԱՏՕ–ականացված» բանակը վաղ թե ուշ, արևմտյան ուղեղային կենտրոնների հաշվարկով, կիրառվելու է որպես ՆԱՏՕ–ի հարավային թևի`Ռուսաստանի դեմ հարվածային ուղղություններից մեկի էլեմենտ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Պատվի են առնում ոչ թե գլխարկը կամ գլուխը, այլ գլխարկի վրայի զինանշանը, առանց գլխարկի ի՞նչն են պատվի են առնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը` անդրադառնալով ՀՀ ԶՈւ–ում ՆԱՏՕ–ի ստանդարտները կիրառելու մասին հերթական տեղեկություններին։
«Հրապարակը» գրել էր, որ ՀՀ ԶՈւ զինվորականներին հրահանգված է այսուհետ պատվի առնել առանց զինվորական գլխարկի, ինչը ՀՀ ԶՈւ կանոնակարգերով պարտադիր պայման էր։ Իսկ ՆԱՏՕ-ի բանակում ընդունված է պատվի առնել նաև առանց գլխարկի։ Ըստ թերթի` սա հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին մոտեցնելու քայլերից մեկն է։ 2024թ–ին տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ԶՈւ–ում հրահանգվել է զինվորների ավանդական ողջույն «ուռա»-ն փոխարինել «կեցցե»–ով: Այսօր բանակում հենց այդպես են ողջունում։ Մեկնարկել և ընթացքի մեջ է նաև զինվորական համազգեստի փոփոխության գործընթացը։
Հայկական բանակում կատարվող փոփոխությունները` սկսած արտաքին ատրիբուտներից, զինատեսակներից, մարտավարությունից, սերժանտական դպրոցի հիմնումից մինչև միջազգային զորավարժությունների մասնակցությունը, Հայկ Նահապետյանի համոզմամբ, պատահական չեն։
«ՀՀ Զինված ուժերը աստիճանաբար բերվում են ՆԱՏՕ–ի ստանդարտներին, որպեսզի ՀՀ զինված ուժերը դառնան հավաքական առումով ՆԱՏՕ–ի մի ստորաբաժանում, որը ցանկացած պահի պիտի զոհաբերվի այնպես, ինչպես Ուկրաինան, ինչպես 2008 թ.–ին Վրաստանը և այդպես շարունակ»,– նշում է նա։
Փորձագետը նաև նկատում է, որ ՆԱՏՕ–ի զինատեսակները ընդհանուր տրամաչափի են` ինքնաձիգից մինչև հրետանային և զենիթահրթիռային կայաններ, ուստի հայկական բանակի զինանոցի հետ չեն կարող հարմարեցվել։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը շարունակում է տարբեր տեսակի զենքեր գնել ՆԱՏՕ–ի անդամ երկրներից։ Սա, Նահապետյանի կարծիքով, նույնպես հատատում է այն վարկածը, որ ՀՀ Զինված ուժերը վաղ թե ուշ, ըստ արևմտյան ուղեղային կենտրոնների, կիրառվելու են որպես ՆԱՏՕ–ի հարավային թևի`Ռուսաստանի դեմ հարվածային ուղղություններից մեկի էլեմենտ։
«Այսօր ռուսական զինտեխնիկան մարտի դաշտում կիրառվում, փորձարկում և հաղթական դուրս է գալիս։ Դա փաստ է։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է, որ մեր բանակն անցնում է այն զինված ուժերի զինտեխնիկայի գնման, կիրառման, որը պարտվողական է։ Հսկայական ծախսեր է 2 աթոռի վրա նստելը` ինչպես քաղաքականության մեջ, ինչպես տնտեսության մեջ, էնպես էլ անվտանգային և ռազմական ոլորտում»,–նշում է Նահապետյանը։
Ի դեպ, ռազմական փորձագետի գնահատմամբ, հայկական բանակի «վերակառուցման» պատասխանատվությունը դրված է Ֆրանսիայի վրա, քանի որ, նրա բնորոշամբ` այդ երկիրը «Հայաստանի և հայության շահերը զոհաբերելու հսկայական փորձ ունի»։
«Բայց հարավային ուղղությամբ Ռուսաստանի դեմ ավանգարդում ոչ թե ֆրանսիական բանակի սպաներն ու ստորաբաժանումներն են լինելու, այլ թուրքական։ Թուրքական բանակի ենթակայությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը Ռուսաստանի համար խնդիրներ են առաջացնելու հարավում»,– եզրակացնում է Նահապետյանը` վերլուծելով Հարավային Կովկասում Արևմուտքի գլխավորությամբ իրականացվող գործընթացները։
«Թուրքական բանակն այսօր տարեկան մի քանի լուրջ զորավարժություններ է անցկացնում Վրաստանի և Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ։ Շուտով Հայաստանը կմիանա դրանց, որովհետև Ռուսաստանի համար հարավային ուղղությամբ խնդիր ստեղծողը այդ 3 պետություններն են»,– ասում է փորձագետը։
Անդրադառնալով բանակի կանոնագրքերում կատարված և կատարվող փոփոխություններին` Հայկ Նահապետյանը նկատում է, որ դրանք ոչ թե խորհրդային, այլ դեռևս ցարական Ռուսաստանից ժառանգված կանոնակարգեր են, որոնց կիրառմամբ ռուսական բանակը, նրա խոսքով, 2 աշխարհակալի է ծնկի բերել։
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը։ 2025թ–ին հայտարարվել էր, որ բանակը կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի չափորոշիչներին համապատասխանող նոր համազգեստ։ Դրանք այսօր կրում են պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը, տոնական միջոցառումների ժամանակ` նաև որոշ զինվորականներ ու նվագախումբը։